Տեսակետ

Հանկարծ ուժեղ երկրաշարժ չլինի

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Համացանցում գտեք 2021թ․ հունիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում Հանրապետության սեյսմիկ անվտանգության ու մեր ղեկավարության ձեռքերով ավելացված խայտառակ ռիսկերի վերաբերյալ իմ ծավալուն ելույթը /թույլ տվեք ասել՝ սկանդալային/ այն մասին, թե ո՞ւր է Հայաստանի անկախությունից հետո Հայոց բանակից հետո զրոյից ստեղծված երկրորդ հզոր ինստիտուտը՝ երբեմնի տարածաշրջանային հսկա  ու հավասարը չունեցող գիտահետազոտական ու գործադիր ինստիտուտը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որտեղ ես 94-95 հերթապահ սեյսմոլոգ էի, ապա ԵՊՀ գեոֆիզիկայի բաժինն ավարտելուց հետո՝ ցերեկային սեյսմոլոգ ու ապա նաև երիտասարդ տարիքում դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի վարիչ՝ ՍՊԱԾ-ի տնօրեն երջանկահիշատակ Ս․ Բալասանյանի (ով մահացավ առեղծվածային ավտովթարում) և ևս 4 գիտնականների ղեկավարությամբ դիսերտացիա գրելով «Հայաստանի տարածքի ուժեղ (5,5 մագնիտուդա և ավելի) երկրաշարժերի օջախային գոտիների ֆիզիկոերկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները» թեմայով ու ուսումնասիրելով երկրակեղևում դեֆորմացիոն ալիքների տարածման «խողովակները»։
Այդ ելույթում հնչեցրածս հարցերը ցույց տվեք հատկապես «պետությունից ու ԱԻՆ-ից» բացատրություն պահանջողներին, թե ո՞ւր է այդ ինստիտուտը և ի՞նչ է մնացել դրանից ու ո՞ւմ է պետք «շնորհակալություն ասել» այն 2000-ականներից քանդելու համար․․․ Մինչև որ ողջ ինստիտուտից չմնաց մի փոքրիկ, իր ահռելի շենքից (որտեղ այժմ ԱԻՆ-ն է) Ծիծեռնակաբերդի տակ վտարված բաժին․․․ Իմ դիսերտացիան չպաշտպանելու՝ վերևի իջեցված քաղաքական արգելքը դեռ մի կողմ․․․ Հանուն արդարության, անգամ այդ փոքրիկ կառույցը այս երկրաշարժի ժամանակ բավական արագ՝ հաշված րոպեներ անց տեղեկատվությունը ԱԻՆ-ի միջոցով տրամադրեց կառավարությանն ու հանրությանը․․․
Թեպետ, նոր իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն հիմնահատակ քանդված այդ ինստիտուտի ավերակների վրա նոր շենքի հիմքերն առնվազն չդնելու համար (հանուն արդարության՝ ցավոք տասնամյակ է պետք լինելու համար վերականգնելու համար ավերածը, ինչպես որ այլ ինստիտուտների դեպքում է․․․․)
Ես մինչ օրս մեկ բան եմ աղերսում Աստծուց՝ հատկապես Երևանի այս խայտառակ կառուցապատման պայմաններում հանկարծ ուժեղ երկրաշարժ չլինի․․․ Հետևանքները անգամ հրաժարվում եմ պատկերացնել․․․
Իսկ դուք գիտեք, որ Արցախի առաջին պատերազմի ժամանակ մեր այդ հսկայի տելեմետրիկ ու այլ ցանցերով ՊՆ-ին օգնել են պարզեու համար թշնամու ծանր տեխնիկայի զորաշարժերը․․․
Իսկ դուք գիտե՞ք, որ այդ ինստիտուտն այնքան աննախադեպ էր, որ Թուրքիան համաձայնել էր մինչև Վանա լիճ ու իր ողջ արևելյան հատվածը թույլ տալ, որ հայկական տելեմետրիկ ցանցի կայաններ տեղադրվեն․․․ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե թեկուզ տեսականորեն ինչպես կարող էին հայ-թուրքական այդպիսի հարաբերությունները կանխել թուրք-ադրբեջանական սերտաճումը, եթե նժարի վրա նաև Հայաստանի հետ շահերը լինեին․․․
Իսկ դուք գիտե՞ք, որ մեր ցանցով կարողանում էինք հստակ տարանջատել Մերձավոր Արևելքից մինչև Պակիստան միջուկային ու այլ փորձարկումները, որոնց սեյսմոգրամաները տարբերվում են երկրաշարժերի սեյսմոգրամներից․․․
Իսկ դուք գիտեք, որ այդ հսկա ինստիտիտուտով մենք չափազանց կարևոր էինք դարձել Հայաստանի՝ Մերձավոր արևելքի պռնկին նստած լինելու պատճառով ու աշխարհում ղեկավար չկար, որ Հայաստան այցելեր ու չգար այդտեղ․․․
Իսկ դուք գիտեք, որ այդ կենտրոնում զարգանում էին գիտական ահռելի կարևորության դպրոցներ՝ դինամիկ դաշտերից մինչև կառուցվածքային, որոնք հետագայում պտուղներ տալու դեպքում կարող էին երկակի նշանակություն ունենալ՝ թե գիտական, թե․․․․
Քիչ մարդ գիտի, թե ինչ ենք կորցրել․․․․»