Քաղաքական

Հայաստանը 2021թ. Կոռուպցիայի ընկալման համաթվում

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առաջատար միջազգային կազմակերպության՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» ցույց է տվել, որ կոռուպցիայի մակարդակը ողջ աշխարհում մնացել է անփոփոխ և վերջին 10 տարիներին երկրների 86 տոկոսը որևէ առաջընթաց չի գրանցել կամ եթե գրանցել է, ապա՝ շատ քիչ։ Աշխարհի 27 երկիր գտնվում է իր պատմական նվազագույնի մակարդակում։

Փաստաթղթում ներկայացված են աշխարհի 180 երկրի և տարածքների տվյալներ՝ պետական հատվածում կոռուպցիայի ենթադրյալ մակարդակով։ Երկրները գնահատվել են 0-100 միավոր սանդղակով. որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը:

2012թ. համեմատ, 23 երկրում արձանագրվել է համաթվի զգալի նահանջ։ Նման ցուցանիշ են արձանագրել Ավստրալիան (73 միավոր), Կանադան (74 միավոր) և ԱՄՆ-ն (67 միավոր)։
Պետք է նշել, որ 25 երկիր, ներառյալ՝ Հայաստանը, էապես բարելավել է իր համաթիվը։ 2017թ. սկսած՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 14 կետով՝ ընդհանուր թիվը հասցնելով 49 միավորի:

Զեկույցում ասված է. «2018թ. զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում դուրս մղվեց երկրում արմատացած քաղաքական էլիտան՝ փոխարինվելով բարեփոխումների նպատակ ունեցող կառավարությամբ: Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանն ընդլայնել է քաղաքացիական ազատությունները, ճանապարհ հարթել դեպի ավելի կայուն քաղաքացիական մասնակցություն և հաշվետվողականություն»։

Սկսած 2018թ. Վրաստանը գրանցել է  55 միավոր, Ադրբեջանը՝ 30, Թուրքիան՝ 38, Իրանը՝ 25։

Կոռուպցիայի նվազման լավագույն ցուցանիշներն արձանագրվել են Դանիայում, Նոր Զելանդիայում և Ֆինլանդիայում՝ գրանցելով 88  միավոր։ Վատագույն ցուցանիշներն արձանագրել են Եմենը, Վենեսուելան, Սոմալին, Սիրիան և Հարավային Սուդանը՝16-11 միավորի միջակայքում: Նրանց են հետևում նաև Աֆղանստանը,Հյուսիսային Կորեան և Լիբիան։