Հայաստանում մեկնարկել է «ԳինուԳործ» (WineBizz) ծրագիրը, որը կնպաստի գինեգործության ոլորտում առևտրային հարաբերությունների և համագործակցության խթանմանը բուլղարական և հայկական ընկերությունների ու գործարար ծառայություններ մատուցողների միջև։ Connecting Companies նախաձեռնության հովանու ներքո: Գործընկերներն են «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամը (Հայաստան) և Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը (Բուլղարիա): Նշվում է, որ ծրագրի արդյունքում երկու երկրների գործարար շրջանակների միջև կակտիվանա գինեգործության ոլորտում տեղեկատվության փոխանակումը, կձևավորվի բարենպաստ միջավայր փոխադարձ առևտրի համար:
Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն հայ գինեգործների և գործարար ծառայություններ մատուցողների այցեր Բուլղարիա, ինչպես նաև բուլղարական պատվիրակության ուսուցողական այց Հայաստան: Փոխադարձ այցերի միջոցով երկու կողմերը կծանոթանան Հայաստանի և Բուլղարիայի բիզնես և ներդրումային միջավայրին, հնարավորություն կունենան փորձի փոխանակման, կայցելեն առաջատար գինեգործական ընկերություններ: Հայկական գործարար ծառայություններ մատուցողների համար կստեղծվի կարողությունների զարգացման բացառիկ հնարավորություն՝ Բուլղարիայում մասնագիտական դասընթացի շնորհիվ:
Ծրագիրը գինեգործության ոլորտի հայկական ՓՄՁ-ներին միջազգային համագործակցություն հաստատելու և իրենց արտադրանքը արտաքին շուկաներում իրացնելու նոր հնարավորություն է ստեղծում: Այն նաև նոր խթան կլինի հայկական գործարար ծառայություններ մատուցողների համար, արտերկրի փորձին ծանոթանալու և Հայաստանում նոր որակի ծառայություններ ներդնելու համար: Ծրագիրը կտևի չորս ամիս: