Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտնել է, որ այլևս սակագին չի սահմանի այն փոքր ՀԷԿ-երի համար, որոնց արտադրած էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքային ժամկետը կավարտվի, ինչպես նաև 15տարվա ժամկետի ավարտից հետո պետությունը չի երաշխավորի փոքր ՀԷԿ-երից և վերականգնվող էներգետիկայի մյուս կայաններից՝ հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի էլեկտրաէներգիայի պարտադիր գնումն ընդհանրապես՝ նրանց դնելով ազատ մրցակցային գործունեության պայմանների մեջ: Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն ասում է, որ վերջին տարիներին կատարվող այսպիսի կարգավորումները միտված են Հայաստանում ՀԷԿ-ի շուկա ձևավորելուն, ընդհանրապես էներգետիկ համակարգի գործունեությունը մրցակցային և շուկայական դարձնելուն, ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում: «Այս որոշումը ենթադրում է, որ այն կայանները, որոնք ունեն 15 տարվա ժամկետով պարտադիր գնման պետական երաշխավորում, դուրս են գալու դրանից և մտնեն ազատ մրցակցային հարաբերությունների մեջ, իսկ մնացածը կմնան պետական երաշխավորման ժամկետի մեջ»,-պարզաբանեց փորձագետը։ Շուկայի գաղափարը նրա դիտարկմամբ, այն է. որ ցանցերը դառնան որպես էներգիայի փոխադրամիջոց, այսինքն՝ ՀԷԿ-ը էներգիան տալու են սփռեյդ միջնորդ կազմակերպություններին, որոնք էլ վաճառելու են գործարաններին, արտադրողներին. «Օրինակի համար ենթադրենք՝ ես 16.9 դրամ սակագնով էի վաճառում, ապա այն վերանում է փետրվարից՝ինքնաբերաբար դառնալով 15.9դրամ: Հետևաբար չտուժելու համար ես միջնորդ կազմակերպությանը հայտնում եմ, որ այդ սակագինը ինձ ձեռնտու չէ, ես գոնե 1 դրամով բարձր սակագնով եմ համաձայն, նա գտնում է տնտեսվարողին, ով պատրաստ է ավել վճարել, կնքվում է պայմանագիր, իսկ եթե օրինակ՝ ես չեմ բավարարում սպառողի պահանջները, իր ուզած քանակով հոսանք չեմ կարողանում մատակարարել, ապա լիցենզավորված կազմակերպությունը դիմում է նաև այլ ՀԷԿ-ի և նրանց հետ էլ է պայմանագիր կնքում»: