Հասարակություն

Հայաստանի ազգային օրը «Expo 2020 Dubai» ցուցահանդեսում

Հայաստանի ազգային օրը «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնելով, որ պատվիրակության կազմում են Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։

Այնուհետև նախատեսվում է «Expo 2020 Dubai» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։ 

Ողջույնի ելույթներին կհաջորդի «Բարեկամություն» պարի պետական համույթի էթնիկ հայկական պարային համերգը, որի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությունը, պատմությունը և ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր երկրի մտավոր ներուժը։

Հայկական տաղավար այցից հետո պատվիրակությունները կայցելեն ԱՄԷ ազգային տաղավար․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար: