«Հայաստան» և ՊՈՒ խմբակցություների համատեղ հայտարարությունը
Հասարակություն
3 Փետրվարի 2022, 18:49
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ։
Ըստ հայտարարության հեղինակների, աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին:
Հայտարարության հեղինակների կարծիքով, «Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի՝ հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները վկայում են, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների»։
Նրանք կոչ են արել քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:
ԱԺ խմբակցությունները դիմել են նաև միջազգային հանրությանը. «Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում և պահանջում, իրենց մանդատներին համապատասխան, արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին եւ գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը»։