Մամուլ

«Գոլդեն Փելիս»-ը գնել են «փակովի» տարբերակով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի:

Այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը՝ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը հյուրանոցային բիզնեսում փորձ չունի, հիմնականում ալյուրի ու ձվի, քարի արտադրությամբ է զբաղվում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երկար ժամանակ գնորդ չունեցող «Գոլդեն փելեսը» միագամից գնորդ ունեցավ, որը մրցույթի միակ մասնակիցն էր:

Նարեկ Նալբանդյանը մինչ հյուրանոցը գնելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ միանգամից չի կարող վճարել հյուրանոցի համար սահմանված 5 միլիարդ դրամը (մոտ 10 մլն դոլար) ուստի խնդրել է նախարարությանը որպեսզի իր համար 5 միլիարդը վճարելու ժամկետ սահմանվի:

Արդյունքում նախարարությունը Նարեկ Նալբանդյանին 5 տարվա ժամկետ է տվել, որ նա հյուրանոցի վաճառքի գումարը մարի: Ավելին, Նարեկ Նալբանդյանն էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ այդ ժամանակահատվածում և հյուրանոցի վաճառքի գումարը կմարի, և միևնույն ժամանակ ներդրում կանի հյուրանոցը ոտքի կանգնեցնելու համար: Ի դեպ, նշենք, որ հյուրանոցը վերջին շրջանում առավել անմխիթար վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2020 թվականին կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացրեցին այնտեղ::