Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 8 հայ ռազմագերիների։ Գերիների վերադարձը հնարավոր է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմաուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսից հետո։ Վերջինիս մասնակցել էր նաև Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ հատուկ ներակայացուցիչ Տոյվո Կլաարը արդեն իսկ իրենց սոցցանցային էջերում դրական են գնահատել ռազմագերիների վերադարձի հարցը՝ նշելով, որ հումանիտար հարցերում առաջընթացը հնարավորություն կտա նաև բարձրացնել կողմերի միջև փոխվստահության մթնոլորտը։ Նկատենք, որ նախընթաց շրջանում ԵՄ երկրների միջնորդությամբ Ադրբեջանը քանիցս վերադարձրել է գերիների, ինչի կապակցությամբ եվրոպացի պետական գործիչները գրեթե միշտ հանդես են եկել հատուկ հայտարարություններով։
Մինչ եվրոպական միջամտությունը՝ Ադրբեջանը հայ ռազմագերիներին վերադարձնում էր գերազանցապես ռուսական կողմի միջնորդությամբ։ Վերջին շրջանում, սակայն, ռուսական կողմի միջնորդական առաքելությունն այս առումով պասիվացել է։ Ռուստամ Մուրադովի՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորագնդի հրամանատարությունը թողնելուց հետո գերիների վերադարձի հարցում ՌԴ-ի նախկին ակտիվությունը ներկայումս չկա։ Հիշենք, որ ռուսական միջնորդությամբ ռազմագերիների վերադարձի ժամանակ ՌԴ պաշտոնյաներն այդ մասին հրապարակայնորեն նախընտրում էին չխոսել՝ ի տարբերություն իրենց եվրոպացի գործընկերների։
Գնահատելով հանդերձ միջնորդ պետությունների հումանիտար ջանքերը և հայ ռազմագերիների՝ թեկուզ խումբ-խումբ վերադարձը՝ հարկ է նշել, որ Ադրբեջանում շարունակվում են պահվել մի քանի տասնյակ հայ գերիներ։ Կարելի է ենթադրել, որ ամեն մի խմբի վերադարձը կազմակերպելու դեպքում եվրոպացի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնելու՝ իրենց միջնորդական առաքելությունն ի ցույց դնելու համար։ Այս միտումը հատկապես նկատելի է ֆրանսիացի գործիչների մոտ՝ պայմանավորված Ֆրանսիայում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների հանգամանքով։
Ն.Հ.