Վերջերս մայրաքաղաքում կայացած բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով 1 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Ըստ «Արմենպրեսի»՝ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը տեղեկացրել է, որ մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով Գեղարքունիքի մարզի մյուս ներկայացուցիչ Հայրիկ Նազարյանին, ով բավարարվել է արծաթե մեդալով։ Արծաթե մյուս մեդալը Գեղարքունիքի մարզի համար ապահովել է Սևանի մարզադպրոցի աղջիկների խումբը ներկայացնող Ջուլիետա Մարգարյանը։
Գևորգ Սարգսյանը նշում է. «Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանն անհավանական նվաճում արձանագրեց Մարտունու տարածաշրջանի բռնցքամարտի պատմության մեջ՝ վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ նվաճելով մեծահասակների չեմպիոնի կոչումը։ Նարեկը մինչ այդ փոքրահասակների կամ պատանիների առաջնություններում հաղթող ճանաչվել էր՝ հինգ անգամ իր տարքային խմբում արժանանալով ոսկե մեդալի։ Սա նրա վեցերորդ չեմպիոնական նվաճումն էր։ Իսկ այս տարի 18 տարին բոլորած Նարեկը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնությանը, առաջին իսկ փորձից կարողացավ հաղթել բոլոր մենամարտերը։ Նարեկը մասնակցել է Եվրոպայի առաջնության վեց մրցաշարերի, որոնցից մեկում զբաղեցրել է 3-րդ տեղը։ նախորդ տարի առաջին անգամ նա մեր մարզը ներկայացրեց աշխարհի առաջնությունում՝ ընդգրկվելով առաջին տասնյակում։ Հուսով ենք, որ այս տարի նա Հայաստանի հավաքականի կազմում մեր հայրենիքին կբերի նոր ծանրակշիռ հաղթանակներ։ Մեծ հույսեր ենք կապում նաև մյուս մրցանակակիրներ Հայրիկ Նազարյանի և Ջուլիետա Մարգարյանի հետ։ Գոհ ենք ձեռք բերած արդյունքներից»։