Altrata-ի 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխարհում միլիարդատերերի ընդհանուր հարստությունը 10.3%-ով աճել է և հասել 13.4 տրիլիոն դոլարի՝ գերազանցելով NVIDIA-ի, Apple-ի և Microsoft-ի շուկայական արժեքները միասին վերցրած։ Միլիարդատերերի թիվը 2024 թվականին 5.6%-ով աճել է և հասել 3508 անձի, որը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Սա երրորդ հաջորդական տարին է, երբ միլիարդատերերի հարստությունն աճում է։
ԱՄՆ-ում կենտրացած է աշխարհի միլիարդատերերի մեկ երրորդը՝ 1135 անձ։ Եվրոպայում միլիարդատերերի թիվը առաջին անգամ անցել է 1000-ի շեմը՝ աճելով 6.1%ով։ Ասիայում աճը եղել է միայն 2.6%՝ Չինաստանի տնտեսության դանդաղման և առևտրային լարվածության պատճառով։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ միլիարդատերերը կազմում են գերբարձր եկամուտ ունեցողների ընդհանուր թվի 1%-ից պակաս, բայց պահում են այդ խմբի հարստության գրեթե 25%-ը։ Վերջին 10 տարիներին ամենաարագը հարստությունն աճել է տեխնոլոգիական, հյուրընկալության ու զվարճությունների ոլորտի միլիարդատերերի մոտ։
Altrata-ի տնօրեն Բրայան Ալսթերը նշել է, որ միլիարդատերերի թիվը հեռու է կայունությունից։ Հարստության ստեղծումն ու կորուստը արագանում են՝ համընթաց գլոբալ շուկաների անկայունության և նոր տեխնոլոգիաների ազդեցության հետ։ Մասնավորապես, խոցելի են 1-2 միլիարդ դոլար ունեցող անձինք, որոնցից միջինը 10%-ը ամեն տարի կորցնում է միլիարդատերի կարգավիճակը։