Ֆինանսներ

2024-ին ևս ՌԴ-ն պահպանել է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերոջ դիրքը

2024-ին ևս ՌԴ-ն պահպանել է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերոջ դիրքը

2024 թվականին Ռուսաստանը պահպանել է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերոջ դիրքը։ Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 3,18 միլիարդ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել՝ 9,45 միլիարդի, ինչը կազմում է երկրի ամբողջ ներմուծման ծավալի ավելի քան կեսը (55%)։ Նախորդ տարվա համեմատ ներմուծումը գրեթե կրկնապատկվել է՝ 2023-ի 4,56 միլիարդից հասնելով 9,45 միլիարդի։ Ռուսաստանի հետ առևտուրը մնում է ոչ միայն ամենամեծը, այլև՝ ամենաարագ աճող ներմուծման ուղղությունը Հայաստանում։

Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, որը դարձել է արտահանման խոշոր ուղղություն։ Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը 2024-ին գրանցել է աննախադեպ աճ՝ 2,22 մլրդ-ից հասնելով 5,25 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշով ԱՄԷ-ն դարձել է Հայաստանի երկրորդ խոշոր արտահանման շուկան՝ կազմելով արտահանման ընդհանուր ծավալի 40%-ը։ Փորձագետները այս աճը կապում են հատկապես թանկարժեք մետաղների, քարերի և վերաարտահանման գործարքների ակտիվացման հետ։

Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքում զգալի տեղ են զբաղեցնում նաև Չինաստանն ու Հոնկոնգը։ Չինաստան արտահանվել է 1,08 միլիարդ դոլարի ապրանք՝ ավելի քան կրկնակի աճով նախորդ տարվա 424,5 մլն-ից, իսկ ներմուծվել է 1,67 միլիարդ դոլարի ապրանք։ Հոնկոնգի հետ առևտուրը նույնպես աճել է․ արտահանումը կազմել է 1,75 մլրդ դոլար՝ գրեթե եռակի աճ 2023-ի 669 մլն-ից։

Հայաստանի հարևան երկրների հետ առևտուրը 2024-ին պահպանել է միջին և կայուն ակտիվություն։ Իրանի հետ արտահանումը կազմել է 105 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 635 մլն դոլար, որտեղ գերակշռում են էներգետիկ և հումքային ապրանքները։ Թուրքիայի հետ առևտուրը գրեթե կայուն է մնացել՝ արտահանումը նվազել է 377 մլն դոլարի, ներմուծումը՝ 335 մլն դոլարի։ Վրաստանի հետ առևտուրը միջին մակարդակի է պահպանվել՝ արտահանումը կազմել է 153 մլն, ներմուծումը՝ 167 մլն դոլար։

ԱՄՆ-ի հետ առևտուրը 2024-ին փոքրացել է. արտահանման ծավալը հասել է 58,8 մլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 356 մլն դոլարի։ 

Եվրամիության երկրները (Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ) միասին կազմում են արտահանման մոտ 436 մլն դոլար և ներմուծման մոտ 1,14 մլրդ դոլար։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական