Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 8 ամսում կազմել է ավելի քան 12 մլրդ 942 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 41.1%–ով:
«Արտահանումն ավելի քան 2 անգամ կրճատվել է, որի հիմնական պատճառն այն է, որ արտահանման մեծ մասը եղել է վերարտահանում»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։
Ըստ նրա՝ արտահանման ցուցանիշները 2021-ին կազմել է 3 մրդ, 2022թ․՝ 5․4 մլրդ, 2023թ․՝ 8․5 մլրդ, 2024թ․՝ 13․1 միլիարդ դոլար։ Այսինքն, 4 տարվա ընթացքում արտահանումն աճել է ավելի քան 4․5 անգամ. «Առաջին հայացքից տպավորություն է, որ լավ աճ է արձանագրվել, բայց սա ընդամենը տպավորություն է, որովհետև 2024 թվականի արտահանման 75%-ը եղել է վերարտահանում»։ Նրա խոսքով՝ արտահանման 60,3%-ը եղել է Ռուսաստանից եկած ոսկիների և ադամանդների վերարտահանումը դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Չինաստան։
«Մնացած 12,13%-ը եղել են մեքենաներ, սարքավորումներ և հեռախոսներ, որոնք կազմել են 72%»,-ասաց նա։ Տնտեսագետի խոսքով՝ նախորդ տարվա բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին ռուսական շուկայի վրա հիմնված վերարտահանման բումով, որը ժամանակավոր բնույթ է կրել։
«Պետք է հասկանալ, որ 2024 թվականի այդ քողարկել է իրական վիճակը, որովհետև աճը հիմնականում ապահովվել է հենց ոսկու վերարտահանմամբ։ Արտահանումը ավանդական ուղղություններով կրճատվել է․ դեպի Ռուսաստան՝ 10%-ով, Եվրոմիություն՝ 14%-ով»։
Չնայած արտաքին առևտրաշրջանառության այս կտրուկ անկմանը, տնտեսագետը վստահ է՝ դա չի հանգեցնի գնաճի. «Դեպի գնաճ սա չի տանի։ Գնաճը այս փոփոխությունների հետ կապ չունի»,-հավելեց նա։