Ֆինանսներ

Հայտնի են տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիրները

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան տնտեսագիտության գծով նոբելյան մրցանակը շնորհել է Ջոել Մոքիրին, Ֆիլիպ Ագիոնին և Փիթեր Հոուիթին՝ նորարարությունների վրա հիմնված տնտեսական աճի բացատրության համար:

Մրցանակը Ջոել Մոքիրին շնորհվել է տեխնոլոգիական առաջընթացի միջոցով աճի նախապայմանների բացահայտման համար, իսկ Ֆիլիպ Ագիոնին և Փիթեր Հոուիթին՝ ստեղծագործական կործանման միջոցով կայուն աճի տեսության մշակման համար:

Վերջին երկու դարերի ընթացքում աշխարհը առաջին անգամ ականատես է եղել կայուն տնտեսական աճի, որն օգնեց միլիոնավոր մարդկանց դուրս գալ աղքատությունից և հիմք դնել ժամանակակից բարեկեցությանը։ Այս տարվա դափնեկիրները բացատրել են, թե ինչպես են նորարարությունները դառնում առաջընթացի շարժիչ ուժ։ Նոր տեխնոլոգիաները, փոխարինելով հնացած ապրանքներին ու արտադրական մեթոդներին, ապահովել են կայուն աճ՝ բարձրացնելով կենսամակարդակը, զարգացնելով առողջապահությունը և բարելավելով կյանքի որակը։

Մինչ արդյունաբերական հեղափոխությունը տնտեսական աճը հաճախ կարճատև էր․ կարևոր հայտնագործություններն անգամ չէին ապահովում կայուն զարգացում։ Ջոել Մոքիրը, հիմնվելով պատմական աղբյուրների վրա, ցույց է տվել, որ աճի համար անհրաժեշտ էին ոչ միայն գործնական գիտելիքներ, այլև՝ դրանց գիտական բացատրությունները, որոնք մինչ այդ բացակայում էին։ Նա նաև ընդգծել է, որ հասարակության բաց լինելը նոր գաղափարների ու փոփոխությունների նկատմամբ կարևոր պայման է։

Ֆիլիպ Ագիոնը և Փիթեր Հոուիթը 1992 թվականին ստեղծել են «ստեղծագործական կործանման» մաթեմատիկական մոդելը, որը ցույց է տալիս, թե ինչպես են նորարար ապրանքներն ու տեխնոլոգիաները շուկայում փոխարինում հներին՝ ստիպելով հնացած մեթոդներ կիրառող ընկերություններին կորցնել մրցակցային առավելությունները։ Այս երևույթը միաժամանակ ստեղծագործ է, քանի որ բերում է նորարարություն, և կործանարար, քանի որ խաթարում է գործող ընկերությունների դիրքերը։

Դափնեկիրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստեղծագործական կործանումը առաջացնում է շահերի բախումներ, որոնք անհրաժեշտ է կարգավորել կառուցողական ձևով։ Հակառակ դեպքում նորարարությունները կարող են արգելափակվել արդեն հաստատված ընկերությունների և շահագրգիռ խմբերի կողմից, որոնք վտանգված են համարում իրենց դիրքերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական