Այսօրվանից Մոլդովայի Հանրապետությունը միացել է եվրոյի միասնական վճարային տարածքին (SEPA)․ հայտարարել է վարչապետ Դորին Ռեչեանը։
«Մոլդովայի՝ SEPA-ին ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար և հաստատում է երկրի եվրոպական ուղին», - ասել է ազգային բանկի կառավարիչ Անկա Դրագուն։
«Սա նշանակում է ավելի արագ, անվտանգ և ավելի մատչելի եվրոյով դրամական փոխանցումներ ԵՄ բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև՝ Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի միջև։ Դրամական միջոցները կարող են փոխանցվել 24 ժամից էլ կարճ ժամանակում», - գրել է երկրի վարչապետը։
Նախկինում Մոլդովայից միջազգային փոխանցման արժեքը տատանվել է 20-200 եվրոյի սահմաններում։ SEPA-ին միանալուց հետո վճարումները կմշակվեն ներքին սակագների և ԵՄ ստանդարտների համաձայն՝ մի քանի եվրոյի դիմաց կամ նույնիսկ անվճար։