«Այս պահի դրությամբ նշանակալի ազդեցություն չի ունենա 10% մաքսատուրքը։ Այն չի տարբերվում ներկայումս գործող տրամաբանությունից։ Բացի այդ, Հայաստանից արտահանվող (ոչ ԵԱՏՄ երկրներ) ապրանքների միջին կշռված մաքսատուրքը մոտավորապես 8-9%-ի տիրույթում է։ Հետևաբար, ԱՄՆ-ում հայաստանյան ապրանքները ոչ մրցունակ դիրքում կհայտնվեն»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին, որով նախատեսվում է մաքսատուրքեր սահմանել շուրջ 70 առևտրային գործընկերների նկատմամբ, որոնք կներառեն նաև Հայաստանից արտահանվող ապրանքները՝ 10%-ի մաքսատուրքի դրույքաչափով։
Նա ընդգծեց՝ Հայաստանից ԱՄՆ արտահանումը կարելի է նաև սիմվոլիկ համարել. «Բացի այդ, ամերիկյան շուկայում ներկայացված կամ թիրախային մեկ կամ մի քանի ապրանք ունի Հայաստանը։ Հայաստանից ԱՄՆ արտահանումը կարելի է նաև սիմվոլիկ համարել այն առումով, որ ՀՀ հիմնական շուկան ոչ այնքան Նահանգներն են, որքան Նահանգներում կոմպակտ բնակվող հայերը, որոնք պահանջարկ են ներկայացնում հայաստանյան ապրանքների նկատմամբ, և իրենց պարագայում 10%-ով տեղաշարժը գների պահանջարկի վրա էական ազդեցություն չի թողնի»։
Տնտեսագետը կարևորեց ամերիկյան ուղղության ներուժը. «Իրականում, ամերիկյան ուղղությունը կարևոր է, և տարբեր գնահատականներ ցույց են տալիս, որ Հայաստանի՝ ԱՄՆ արտահանումը շատ ցածր է իր պոտենցիալից, և առնվազն 7-8 անգամ ընդլայնվելու հնարավորություն կա։ Այդ տեսանկյունից մաքսատուրքերը կարող են բացասական դերակատարում ունենալ, բայց ոչ՝ վճռորոշ։ Կարծում եմ՝ սա էական ազդեցություն չէ»։
Ըստ նրա՝ մաքսատուրքը շրջանցելն անհնար է. «Շրջանցելը նպատակահարմար չէ, բայց եթե հաշվի առնենք Թրամփի վարչակազմի արտաքին առևտրի քաղաքականությունը, կարելի է ասել, որ մաքսատուրքերի 10%-ով մակարդակը ստորին շեմն է և նշանակում է, որ շրջանցելու տարբերակները ավելի թանկ կլինեն»։
Լիլիթ Աբրահամյան