Ֆինանսներ

Ո՞ր ընկերություններն են գլխավորել խոշոր հարկատուների ցանկը

Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 986 միլիարդ 71 միլիոն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 900 միլիարդ 401 միլիոն դրամ։ Այսպիսով, պետական բյուջեի մուտքերը ավելացել են 85 միլիարդ 670 միլիոն դրամով։

Radar Armenia-ն ներկայացնում է խոշոր հարկատուների առաջին հնգյակում արձանագրված փոփոխությունները։

Այս տարի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել է «Մոբայլ Սենթր Արթ»-ը, որը պետական բյուջե է վճարել 32 միլիարդ 919 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում է «Գրանդ Տոբակո»-ն՝ 30 միլիարդ 461 միլիոն դրամ, երրորդում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 28 միլիարդ 41 միլիոն դրամ։ Չորրորդն է «Արդշինբանկ»-ը՝ 27 միլիարդ 963 միլիոն դրամ, հինգերորդը՝ «Ամերիաբանկ»-ը՝ 21 միլիարդ 402 միլիոն դրամ։

2024 թվականի նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների ցանկը գլխավորել էր «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը, որն այդ շրջանում վճարել էր 64 միլիարդ 49 միլիոն դրամ հարկեր։ Երկրորդ տեղում էր «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 32 միլիարդ 332 միլիոն դրամ, երրորդում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 27 միլիարդ 588 միլիոն դրամ։

Նախորդ տարի չորրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն էր (23 միլիարդ 576 միլիոն դրամ), հինգերորդ տեղում՝ «Փրիթի Ուեյ»-ը (17 միլիարդ 681 միլիոն դրամ)։

Պատրաստեց՝ Ա.Գալոյանը