Ֆինանսներ

Արտաքին առևտրաշրջանառության անկումն էական ազդեցություն չի ունենա տնտեսության վրա․ տնտեսագետ

Արտաքին առևտրաշրջանառության անկումն էական ազդեցություն չի ունենա տնտեսության վրա․ տնտեսագետ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 45 տոկոսով կրճատումը նշանակալի ազդեցություն չի ունենա երկրի տնտեսության վրա. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

«45% ասելով պետք է հասկանալ, որ արտահանման կրճատումը մոտավորապես 2 անգամ կրճատում է, և հիմնականում պայմանավորված է նրանով, որ ոսկու վերարտահանումը այլևս Հայաստանի Հանրապետություն միջով չի անցնում և չի ուռճացնում արտահանման ցուցանիշը»,– նշեց Թավադյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակում արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար։

Ըստ Թավադյանի՝ նախորդ տարի գրանցված արտահանման աճը կարճաժամկետ փուչիկ էր, որը պայմանավորված էր հիմնականում ոսկու և ադամանդների վերարտահանմամբ։ «Արդյունավետության ցուցանիշի գրեթե 90%-ը ապահովում էր հենց ոսկու վերարտահանման արդյունաբերությունը։ Այժմ՝ 2025-ին, դինամիկան հակառակն է՝ ոսկու վերարտահանում չկա, և ակնկալվում է, որ արտահանումը կլինի տարեկան կտրվածքով 6-8 միլիարդ դոլար, այսինքն՝ ավելի քան 2 անգամ պակաս, քան 2024-ին, սակայն իրական տնտեսության արտահանումը այս պահին գրանցում է աճ»,– նշեց նա։

Տնտեսագետը շեշտեց, որ 45 տոկոսանոց անկումը չի կարող լուրջ հետևանքներ ունենալ տնտեսության վրա․ «Ի տարբերություն նախորդ՝ 2022-ի կեսից մինչև 2023-ին եղած վերարտահանման ալիքի, երբ վերարտահանվում էր ապրանքների բավականին լայն զանգված դեպի ՌԴ և դրանից օգտվում էին գրեթե բոլոր տնտեսվարողները, 2022-ի կեսից մինչև 2024-ի կեսը տեղի ունեցած ոսկու վերարտահանմամբ հիմնականում օգտվել են մի քանի հոգի և բանկային համակարգը»։

Թավադյանի խոսքով՝ այսօր վերարտահանման այդ մեխանիզմը դադարել է գործել։ Միաժամանակ, արձանագրվում է նաև հիմնական ապրանքների արտահանման որոշակի կրճատում, ինչի հետևանքով վնասներ կկրեն հատկապես նրանք, ովքեր զբաղվում էին ոսկու մեծածավալ վերարտահանմամբ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականի ամռան առաջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 9 մլրդ 668.6 մլն դոլար.արտահանումն առաջին վեց ամիսներին նվազել է 52.8 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ 755.6 մլն դոլարի։

Ներմուծման ծավալներն էլ առաջին կիսամյակում նվազել են 38.6 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ 913 մլն դոլար։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական