Ֆինանսներ

Հագուստի արտադրությունը նվազում է

2025 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է մոտ 14.9 միլիարդ դրամի հագուստ։ Սա շուրջ 1.4 միլիարդ դրամով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2024 թ. հունվար-մայիսին՝ 16.3 միլիարդ դրամ)։ Այսինքն՝ ոլորտը տարեսկզբին արձանագրել է մոտ 10 տոկոս անկում։

Եթե դիտարկենք ամբողջական տարեկան ցուցանիշները, ապա 2024 թվականին հագուստի արտադրության ծավալը կազմել է շուրջ 40.4 միլիարդ դրամ, ինչը շուրջ 900 միլիոն դրամով պակաս է 2023 թվականի արդյունքից՝ 41.3 միլիարդ դրամ։ Այլ կերպ ասած, 2024 թվականին տարեկան կտրվածքով արձանագրվել է մոտ 2 տոկոս անկում։

Ի տարբերություն հագուստի արտադրության՝ մանածագործական արտադրատեսակների ոլորտում տարեսկզբից արձանագրվել է աճ։ 2025 թվականի հունվար-մայիսին այս ոլորտում արտադրվել է շուրջ 2.13 միլիարդ դրամի արտադրանք, ինչը մոտ 115 միլիոն դրամով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա կազմում է ավելի քան 5 տոկոս աճ։

Տարեկան կտրվածքով, 2024 թվականին մանածագործական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 5.1 միլիարդ դրամ, ինչը գրեթե հավասար է 2023 թվականի ցուցանիշին՝ 5.09 միլիարդ դրամ։ Այստեղ նկատվում է աննշան անկում՝ մոտ 0.2 տոկոս։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում որոշում է ընդունվել տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։ Նշվում է, որ դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի՝ մասնավորապես հումքի սահմանափակ հասանելիությունը, արտադրական բազաների տեխնոլոգիական հնացումը, մարդկային կապիտալի պակասը, ներքին շուկայի փոքր ծավալը, արտահանման կազմակերպման դժվարությունները, բրենդի և ճանաչելիության խնդիրը, ֆինանսավորման սահմանափակ հնարավորությունները։

Անժելա Պողոսյան