Հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքն արդեն արժանացել է ոլորտի ներկայացուցիչների քննադատությանը։
Ըստ հիմնավորումների՝ այս օրենքը կարգավորում է կրիպտոակտիվների շրջանառությունն ու նպատակ ունի պաշտպանել ներդրողներին և զարգացնել տեխնոլոգիական միջավայրը։
«Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի խոսքով՝ սակայն, օրենսդրական փոփոխությունները ոչ միայն անորոշություն են առաջացրել, այլև սպառնում են խոչընդոտել ողջ ոլորտի բնականոն զարգացումը։
«Տեղի ունեցել են որոշակի քննարկումներ, մեր կարծիքները, խորհուրդները լրիվ անտեսվել են։ Ինչն ի սկզբանե բերել են, նույն բանն էլ անցկացրել են։ Ընդհանուր համայնքը շատ դժգոհ է գործընթացից»,– Radar Armenia-ի հետ զրույցում ասաց նա։
Ավետիսյանը մի քանի խնդրահարույց կետեր է առանձնացնում։ Դրանցից առաջինը վերահսկողությունը Կենտրոնական բանկին վերապահելն է։
«Այս ոլորտի վերահսկողությունը տրվում է Կենտրոնական բանկին։ Իսկ բանկերն ու կրիպտոն մրցակից ոլորտներ են։ Եթե կրիպտոն զարգանում է, նշանակում է՝ կապիտալը դուրս է գալիս բանկային համակարգից։ Բանկիրները չպետք է այս ոլորտը վերահսկեն»։
Հաջորդ խնդիրը, նրա խոսքով, անհասկանալի հարկային դաշտն է։
«Հարկային կանոններն անհասկանալի են, անտրամաբանական։ Ոլորտում անորոշություն կա՝ ինչ պետք է անեն։ Բացի դրանից՝ հարկայինի հատվածը ուժի մեջ է, բայց գործնականում ինչպես է կիրառվելու՝ ոչ ոք չի պատկերացնում։ Հարցումներ ենք ուղարկում, փորձում ենք հասկանալ»։
Բացի այդ՝ բանկային ծառայությունները հասանելի չեն ոլորտի համար։
«Բանկերը չեն սպասարկում կրիպտո ընկերություններին։ Այսինքն՝ անկանխիկի դուռը փակված է, հիմա էլ ուզում են կանխիկը արգելեն։ Ստացվում է, որ ընդհանրապես Հայաստանում կրիպտո ընկերությունները չեն կարողանալու իրենց գործունեությունը շարունակել»։
Ավետիսյանի խոսքով՝ այժմ կրիպտո ոլորտում տիրում է խորը անորոշություն։ Հստակ չէ՝ ինչ կանոնակարգեր է մշակելու Կենտրոնական բանկը, ինչ ներդրումային կապիտալ են պահանջելու և արդյոք գործող ընկերությունները կկարողանան այդ պայմաններին համապատասխանել։
«Ոչ մի չեյնջ չգիտի, չկա մեկը, որ տիրապետի այս գործընթացներին, որ իմանան՝ ինչպիսի հաշվապահություն վարել։ Ես հարկայինի պետի տեղակալին մի քանի օր առաջ հարցրի, ասաց՝ ճիշտն ասած, տեղյակ չեմ, գրավոր ուղարկեք, կպատասխանեն»։
Նա նաև մատնանշում է նոր հարկման մեխանիզմի անարդյունավետությունն ու շուկայական տրամաբանությանը չհամապատասխանելը։
«Կառավարությունը պետք է որոշի՝ որ բորսաներից են գները վերցնում, միջին գներ սահմանի, ու դրանից տարբերվող առուվաճառքի գործարքներից ընկերությունները հարկ վճարեն։ Բայց կրիպտոյի դեպքում կուրսերը կարող են օրական 10–20 տոկոս տատանվել։ Օրվա կուրս ֆիքսելը կարող է խելքից դուրս հարկեր առաջացնել։ Իրականությունից կտրված բաներ են գրված»։
Թեև ոլորտում կան զգալի խնդիրներ, մասնագետներն արդեն քննարկում են միավորման հնարավոր տարբերակներ՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով։
«Կրիպտո փոխանակման կետերը միություն են պատրաստվում հիմնել, մեր շահերն այդպես պաշտպանենք, քանի որ բոլոր իրավունքները, շահերը ոտնահարվում են»։
Նրա խոսքով՝ «WEB3» հիմնադրամը մտահոգություն է հայտնում, որ այս փոփոխությունները կարող են լրջորեն վնասել երկրի հնարավորություններին՝ կապված նորարարական տնտեսության և ստարտափների զարգացման հետ։
Ա. Պողոսյան