Վերջին օրերին Իսրայելա-իրանական ռազմական գործողությունները կարող են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա։ Նման պնդումներ են անում շատ փորձագետներ։
Radar Armenia-ն ուսումնասիրել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային լարվածությունը։
2024 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 737 միլիոն 410 հազար դոլար, ինչը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մոտ 2.4%-ն է։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 6.6%-ով։
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 222 միլիոն 679 հազար դոլար՝ ապահովելով ընդհանուր արտահանում-ներմուծման կառուցվածքի 3.5%-ը։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 10%-ով (9.9%)։
Հայաստանը Իրանից ներմուծում է գազ, տարբեր մետաղներ, ալյումինե և երկաթյա արտադրանք, շինարարական նյութեր,
Ներմուծվում են նաև որոշ տեսակի սննդամթերք՝ չոր մրգեր, համեմունքներ, պահածոներ, ինչպես նաև հիգիենայի և մաքրող միջոցների որոշ տեսակներ, ինչպես նաև քիմիական և արդյունաբերական ապրանքներ։
Հայաստանից դեպի Իրան արտահանվում են մի շարք ապրանքներ, թեև արտահանման ծավալը փոքր է ներմուծման համեմատ։
Հայաստանը դեպի Իրան արտահանում է պղինձ, մոլիբդեն և այլ մետաղական հանքանյութեր։ Սրանք կազմում են արտահանման մեծ մասը՝ թե՛ հումք, թե՛ վերամշակված ձևով։
Իրան արտահանվում են որոշ հայկական գյուղմթերքներ, օրինակ, պանիր, պահածոյացված մթերքներ, ջեմեր, չրեր և պահածոներ։ Այս ապրանքները հաճախ սպառվում են Իրանի հայ համայնքի կողմից։
Որոշ պլաստմասե իրեր, հումք, տուփեր, պայուսակներ և այլ մանր արտադրատեսակներ արտահանվում են հատկապես սահմանամերձ շրջանների շուկաների համար, միջին ծավալներով արտահանվում են մեքենաշինական որոշ դետալներ, ավտոպահեստամասեր, ինչպես նաև տեխնիկական հումք։
Անժելա Պողոսյան