Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ամենաշատ հարկերը վճարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և գլխավորում է 1000 խոշոր հարկատուների ցանկը։
«Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է 19.9 մլրդ դրամ (2024թ. այդ թիվը 18.1 մլրդ էր)։
Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է՝ վճարած 16.5 մլրդ դրամով (2024թ.՝ 19.9 մլրդ դրամ)։ Երրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 12 մլրդ դրամ վճարած հարկերով (2024թ. 13.2 մլրդ դրամ)։
Տարիներ շարունակ առաջատարի դիրքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ընդգրկված չէ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Տարեսկզբին՝ փետրվարին, կոմբինատի աշխատակիցները շուրջ 11 օր գործադուլ էին հայտարարել, ինչի հետևանքով դադարեցվել էր ընկերության աշխատանքը։
Սակայն ՊԵԿ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ ԶՊՄԿ-ն այս ցանկում չի ներառվել 2024թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։
1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են նաև «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Սիթի», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները։
Հիշեցնենք, որ 2024թ․ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների եռյակը հետևյալ տեսքն ուներ. առաջատարը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն էր, նրան հաջորդում էր «Գազպրոմ Արմենիան», այնուհետև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Հիշեցնենք, որ 1000 խոշոր հարկատուները միասին այս տարի վճարել են 409.3 մլրդ դրամ։
Անժելա Պողոսյան