Ֆինանսներ

Մեծ ցնցում ասիական շուկայում. ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը, այդ թվում՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 104%-անոց հարկը, այսօրվանից ուժի մեջ են մտել։

Դրանից հետո ասիական բաժնետոմսերը կրկին անկում են ապրել։

Բարձր մաքսատուրքերը սկսել են գործել ԱՄՆ-ի արևելյան ժամանակով կեսգիշերից հետո, չնայած ներդրողները դեռևս չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վերաբերվել նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությանը։

Երեքշաբթի օրը S&P 500 ինդեքսը նվազել է 1.6%-ով՝ չեղարկելով օրվա սկզբում գրանցված 4.1% աճը։ Այդ ցուցանիշն այժմ փետրվարին սահմանված ռեկորդային մակարդակից 19%-ով ցածր է։ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.8%-ով, իսկ Nasdaq կոմպոզիտային ինդեքսը՝ 2.1%-ով։

Դեռևս մեծ է անորոշությունը, թե ինչ քայլեր կձեռնարկի նախագահ Թրամփն իր առևտրային քաղաքականության շրջանակում։

Ֆինանսական շուկաներում սպասվում են նոր տատանումներ՝ հաշվի առնելով անորոշությունը, թե որքան ժամանակ Թրամփը կպահպանի ներմուծման խիստ մաքսատուրքերը, որոնք կբարձրացնեն գները ԱՄՆ-ի սպառողների համար և կդանդաղեցնեն տնտեսությունը։ Եթե դրանք երկար ժամանակ գործեն, տնտեսագետներն ու ներդրողները կանխատեսում են ռեցեսիա։ Սակայն, եթե Թրամփը համեմատաբար արագ բանակցությունների միջոցով իջեցնի մաքսատուրքերը, կարող է խուսափել վատագույն սցենարից։