Ուոլ Սթրիթի շուկաներում կրկին անկում է արձանագրվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված մաքսատուրքերի վերաբերյալ նոր հրամանագրի և դրա հնարավոր հետևանքների հանդեպ մտավախության պատճառով։
Աշխարհի ներդրումային շուկաներում աճում են մտահոգությունները, որ Թրամփի նախաձեռնած առևտրային հակամարտությունները կարող են վնաս հասցնել գլոբալ տնտեսությանը։ Այս ֆոնին Եվրոպայի և Ասիայի հիմնական բորսաներում բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են, նավթի գներն անկում են ապրել, իսկ ԱՄՆ շուկայի առաջատար ինդեքսը մոտենում է «արջի շուկայի» շեմին (երբ շուկան համարվում է անկումային՝ կորցնելով արժեքի առնվազն 20%-ը գագաթնակետից)։
Շուկաների վիճակը՝ ըստ տարածաշրջանների․
ԱՄՆ.
Երկուշաբթի առավոտյան S&P 500 ինդեքսը նվազել է 3.8%-ով՝ հասնելով 486.13 դոլարի՝ նախորդ օրվա 505.28-ից։ Սա ամենախոր անկումն է 2020 թվականի մարտից ի վեր՝ COVID-19-ի տնտեսական ճգնաժամի օրերին։
Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 1200 կետով՝ հասնելով 370.075 դոլարի (նախորդ ցուցանիշը՝ 383.22 դոլար)։
Nasdaq ինդեքսը գրանցել է 4% անկում։
Նավթի գներն էլ ժամանակավորապես իջել են 60 դոլարից ցած՝ առաջին անգամ 2021 թվականից ի վեր։
Ասիա.
Հոնկոնգի շուկաներում բաժնետոմսերը կորցրել են 13.2%՝ դարձնելով այն ամենամեծ օրական անկումը 1997 թվականից ի վեր։
Ճապոնիայի Nikkei ինդեքսը նվազել է գրեթե 8%։
Եվրոպա.
Գերմանիայի DAX ինդեքսը Ֆրանկֆուրտի բորսայում բացման պահին նվազել է ավելի քան 10%, սակայն հետո մասնակի վերականգնվել է՝ ցուցադրելով 5.8% անկում։
Ֆրանսիայի CAC 40 ինդեքսը կորցրել է 5.8%, իսկ Մեծ Բրիտանիայի FTSE 100-ը՝ 4.9%՝ առևտրային առավոտյան ընթացքում։