Հարցազրույց

«Դոլարը կարող է էժանանալ». տնտեսագետ

Վերջին օրերին համաշխարհային տնտեսությունում վայրիվերումներ են։ ֆոնդային բորսաներում անկում է, կառավարությունները քննարկում են՝ ինչպես արձագանքել Միացյալ Նահանգների կողմից անցած շաբաթ սահմանված մաքսատուրքերին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ մաքսային նոր քաղաքականությունը համաշխարհային տնտեսության վրա։

- Առհասարակ, մաքսատուրքերի սահմանման նպատակը սեփական տնտեսության արտադրողների պաշտպանությունն է և, նաև, պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովումը։ Անշուշտ, նաև նպատակն այն է, որ աշխարհի տարբեր արտադրողներ, ներդրողներ իրենց գումարները տեղափոխեն ԱՄՆ և նպաստեն ԱՄՆ տնտեսության աճին։ Թրամփի քաղաքականությունը նոր չէ, նա մշտապես այդ մասին խոսել է, նաև քարոզել է այս ամենն իր ընտրարշավի ժամանակ և փորձում է դա կյանքի կոչել։ Դրա հետևանքները կարող են ինչպե՛ս դրական, այնպե՛ս էլ բացասական լինել և՛ ամերիկյան տնտեսության, և համաշխարհային տնտեսական գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ սա առաջին փուլով բերելու է լրացուցիչ անորոշության, որին արձագանքելու են բորսաները՝ արժեթղթերի փոխարժեքի նվազեցմամբ։ Նաև դոլարի որոշակի արժեզրկման գործընթաց է սկսելու, քանի որ մեծ է հավանականությունը, որ որոշակի գնաճային իրավիճակ կունենանք առաջին փուլում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ապրանքներից շատերն ամերիկյան տնտեսությունը չի արտադրում։ Օրինակ, բանանն ամերիկայում չի արտադրվում, բայց հիմա լինելու է մաքսատուրք։ Թանկանալու է մարդկանց կենսամակարդակը կարճաժամկետ հատվածում, իսկ երկարաժամկետ կտրվածքով հաշվարկն այն է, որ կունենան լրացուցիչ աշխատատեղեր, ներդրումներ, որոնք կփոխհատուցեն այդ գնաճային ճնշումները և որոշակի կարգավորումներ կբերեն։

- Նախկինում նմանատիպ ի՞նչ իրավիճակներ են տեղի ունեցել համաշխարհային տնտեսության մեջ և ի՞նչ ելքեր են ունեցել։

- Այդպիսի փորձ նախկինում ամերիկյան կառավարությունը ևս արել է մեծ ճգնաժամի տարիներին, մասնավորապես, 1925 թվականին Ամերիկայի կառավարությունը դարձյալ սահմանել էր բարձր մաքսատուրքեր, որպեսզի պաշտպանի սեփական տնտեսությունը ներկրվող ապրանքներից, բայց նա դրան չհասավ։ Ճիշտ հակառակ էֆեկտը եղավ. տեղի ունեցավ գնաճ, նաև ամերիկյան ապրանքների բոյկոտ սկսվեց ամբողջ աշխարհում, էլ ավելի խորացավ ամերիկյան ճգնաժամը։ Եթե ներկայումս ամերիկյան կողմը բողոքում է, որ Եվրոպան, Չինաստանը, Կանադան և այլ երկրներ ավելի շատ արտահանում են ԱՄՆ, քան ԱՄՆ-ից ներկրում են, հիմա այդ ներկրումն էլ ավելի է նվազելու՝ հաշվի առնելով որոշակի հանրային բողոքն ու բոյկոտը, որը կարող է սկսել։ Բավականին մեծ անորոշություններ կան, և դրանց պայմաններում շատ տարբեր ելքեր կարող են լինել՝ գնաճ, տնտեսական աճ, արտահանման էլ ավելի կրճատում։

- Ի՞նչ ազդեցություն կունենա այս ամենը Հայաստանի տնտեսության վրա։

- Հայկական ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրք է սահմանվել։ Այստեղ էական ազդեցություն կարող է լինել ադամանդի՝ ԱՄՆ վերարտահանման վրա, որը կարող է նվազել։ Իհարկե, դեռ վաղ է գնահատելը՝ հաշվի առնելով, որ պետք է տեսնել՝ այլ երկրներից արտահանվող ադամանդի գները որքան են թանկանալու։ Օրինակ, եթե Հնդկաստանից ներկրվող ադամանդի գինը 24%-ով է թանկանում, մերը՝ 10%-ով, այդ դեպքում մերն ավելի լավ մրցակցային առավելություններ կունենա, քան Հնդկաստանինը։ Մեզ մոտ թանկացում դժվար լինի։ Կարող է մեր արտահանումը տուժել։ Հայաստանը ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի բարձրացում չի արել, չէր կարող անել, քանի որ ԵԱՏՄ դաշտում ենք։

- Փոխարժեքի անկում կարո՞ղ է լինել։

- Փոխարժեքի անկումը սպասելի է՝ հաշվի առնելով ամերիկյան արժեթղթերի շուկայում անկման ցուցանիշները։ Մոտակա ժամանակներս դոլարը կարող է էժանանալ։ Դժվարանում եմ ասել՝ որքանով, քանի որ ամերիկյանի փոխարժեքի վրա ոչ միայն ամերիկյան տնտեսությունն է ազդում, այլ նաև առանձին երկրների տնտեսական գործոնները։ Օրինակ՝ համեմատության համար. ամբողջ աշխարհում դոլարի փոխարժեքն իջնում է, բայց Իրանում բարձրանում է, որովհետև Իրանի տնտեսությունում դոլարի պահանջարկ կա։