Ֆինանսներ

Նավթի գները շարունակում են անկումը

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել ՕՊԵԿ+ դաշինքի հաղորդագրությունից հետո։ Դաշինքը հայտնել էր, որ ապրիլին կպահպանի պլանավորված արդյունահանման աճը։ Բացի այդ, նավթի էժանացման հարցում դեր է խաղացել ԱՄՆ-ի կողմից Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ներմուծվող նավթի նկատմամբ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը. գրում է Reuters-ը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները էժանացել են 1,27 դոլարով կամ 1,8%-ով՝ հասնելով 70,35 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նվազել է 1,10 դոլարով կամ 1,6%-ով՝ հասնելով 67,27 դոլարի։

«Նավթի գների անկման հիմնական պատճառներն ՕՊԵԿ+-ի որոշումն է՝ ավելացնելու արդյունահանումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը», – նշել է Phillip Nova-ի հումքային ապրանքների ռազմավար Դարրեն Լիմը։

Նրա խոսքով՝ ևս մեկ գործոն է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

ՕՊԵԿ+ դաշինքը, որը ներառում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) և նրա դաշնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը, երկուշաբթի օրը որոշում է կայացրել ապրիլին օրական 138 000 բարելով ավելացնել նավթի արդյունահանումը։ Սա խմբի առաջին նման քայլն է 2022 թվականից ի վեր։

«ՕՊԵԿ+-ի այս որոշումը շուկայի համար անսպասելի էր»,- նշել է SEB բանկի հումքային ապրանքների գլխավոր վերլուծաբան Բյարնե Շիլդրոպը։