2024 թվականին Հայաստանում զգալիորեն աճել է սննդամթերքի արտադրությունը։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ մսի արտադրության ծավալները հասել են 86․654,5 տոննայի, ինչը 9.4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ։ Հատկապես աչքի է ընկել խոշոր եղջերավոր անասունի մսի արտադրության աճը՝ 7.5% (51․828,7 տոննա)։
Կաթնամթերքի շուկայում ևս գրանցվել է զգալի աճ։
Կարագի և կաթնային մածուկների արտադրությունը հասել է 5․816,3 տոննայի, ինչը 27.8%-ով ավել է։
Պանրի արտադրությունն աճել է 9.9%-ով՝ հասնելով 27․307 տոննայի։
Թթվասերի արտադրությունն աճել է 6.6%-ով, մածունինը՝ 2.1%-ով։ Աճ է գրանցվել նաև կաթնաշոռի արտադրությունում (22.8%)։
Խմիչքների արտադրության մեջ ևս փոփոխություններն ուշագրավ են։
Կոնյակի արտադրությունն աճել է 2.5%-ով՝ հասնելով 19․818,5 հզ․ լիտրի։
Վիսկիի արտադրությունն աճել է 6 անգամ՝ հասնելով 5․271,1 հզ․ լիտրի։
Ի տարբերություն այլ խմիչքների, օղու և լիկյորի արտադրությունը նվազել է 18.3%-ով, ընդ որում, կոնկրետ օղու արտադրությունը նվազել է 12.5%-ով ։
Հայաստանում մեծ է եղել խաղողի գինու արտադրության ծավալի անկումը՝ 29%-ով. արտադրվել է 10․029,6 հզ․ լիտր գինի։
Նշենք, որ 2024թ․ սննդի արտադրության մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերությունում կազմել է 40%։
Ա.Գ.