ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներմուծման մաքսատուրքեր սահմանելու ծրագրերը կարող են թանկ նստել Գերմանիայի տնտեսության վրա: Հաղորդում է գերմանակա BILD-ը։
Բունդեսբանկի ղեկավար Յոահիմ Նագելը զգուշացնում է, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն, Գերմանիան կարող է կորցնել իր ՀՆԱ-ի մոտ 1%-ը։ Սա կազմում է մոտավորապես 41,2 միլիարդ եվրո, ինչն զգալի հարված կլինի Գերմանիայի տնտեսությանը:
Ակնկալվում է, որ Գերմանիայի տնտեսությունը այս տարի կկրճատվի 0,1%-ով, իսկ 2025-ին կաճի ոչ ավելի, քան 0,4%-ով․ ասվում է նոր զեկույցում։ ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ տնտեսական աճը կարող է գնալ բացասական տարածք, ինչը կուժեղացնի ներկայիս լճացումը։
Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թրամփը բազմիցս խոստացել է ներմուծման համար 10-20% մաքսատուրքեր սահմանել (մինչև 60%՝ չինական ապրանքների համար), ինչը կարող է ծանր հարված հասցնել գերմանական արտահանմանը:
«Մենք տնտեսական լճացման փուլ ենք ապրում։ Նոր սակագները կարող են ավելի սրել իրավիճակը»,- ընդգծել է Բունդեսբանկի ղեկավարը։
Նագելը նաև մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի նոր սակագնային պլանների պատճառով առաջացած անորոշության վերաբերյալ։ Փորձագետները զգուշացնում են, որ նման մաքսատուրքերը կարող են հանգեցնել առևտրային պատերազմի՝ սպառնալով ոչ միայն Գերմանիային, այլև ամբողջ համաշխարհային տնտեսությանը։