Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան, ԱՄՆ) ընթանում են ԱՄՀ/ՀԲ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնց, որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ, մասնակցում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը։
ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումները ծառայում են որպես յուրօրինակ հարթակ, որտեղ տարբեր երկրների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն քննարկելու գլոբալ օրակարգային հարցերն ու երկկողմ գործընկերային հարաբերությունների խորացման հեռանկարները։
Այցի առաջին օրը նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերի վարչության ու ԱՄՀ կարողությունների զարգացման ինստիտուտի ղեկավարության հետ, որոնց շրջանակներում քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության ընդլայնման ուղղությունները, այդ թվում՝ կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության ներգրավման ճանապարհով։
Առանձին հանդիպումներ են կայացել նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Ճապոնիայի ֆինանսների նախարարության և ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկկողմ համագործակցության առկա կարգավիճակն ու զարգացման պոտենցիալը։