Ֆինանսներ

Դոլարի փոխարժեքը 0.4%-ով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, սակագներն աճել են 3.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.6%-ով. այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Ըստ հրապարակման՝ 2024թ. հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.7%-ով․ սակագների՝ համեմատաբար բարձր հավելաճեր գրանցվել են Գավառ և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.6%-ով:

2024թ. հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.4% նվազում, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. հուլիսին, 2023թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.3% և 4.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.3% և 2.0% նվազում: 2024թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4%-ով գերազանցել է 2023թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ):