Ֆինանսներ

ԿԲ-ն փոփոխություններ է իրականացրել պատժամիջոցների հրապարակման գործընթացում

Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում:

Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝

  • խախտման հակիրճ նկարագրությունը,
  • խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը,
  • պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը,
  • կիրառված որոշումների դատական կարգով բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Միևնույն ժամանակ` հստակեցվել են նաև հրապարակումը հետաձգելու հիմքերը. հրապարակումը կարող է հետաձգվել, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը`

  • ​ա. հրապակումը կարող է վտանգել ՀՀ ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների, շուկաների և ենթակառուցվածքների կայունությունը,
  • բ. հրապարակումը կարող է անհամաչափ վնաս պատճառել խախտում թույլ տված ֆինանսական կազմակերպությանը (կազմակերպություններին) կամ վարչական վարույթում ներառված անձին (անձանց),
  • գ. հրապարակումը կարող է վտանգել հանրային շահը:

Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում։

Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։