Ֆինանսներ

Տեղի է ունեցել 100 մլն դոլար վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը

Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին Հիմնադրամի մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում և հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին:

Կողմերը ընդգծել են ԿԶԵՀ 2022-2026 թվականների ռազմավարության և անդամ երկրների ռազմավարությունների իրականացման միջնաժամկետ գնահատման կարևորությունը ու պայմանավորվել վերջինիս մանրամասն քննարկումը նախատեսել մինչև մայիսի վերջ:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանը։

ՀՀ-ում Հիմնադրամի պորտֆելը ներառում է մի շարք ծրագրեր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով:

- See more at: https://minfin.am/hy/content/hh_finansneri_nakhararn_yndunel_e_kayunacman_ev_zargacman_evrasiakan_himnadrami_gortsadir_tnorenin/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR32pLORxZKqM5PnzqgRpHgFhHNCN0KYgdKcBO44pwsrJ2Eou9XuU4mvv4I_aem_AWzsRlYmrFXeaP7rDC1DMq_5lwmKmMwmTISNbS9fcJyfidCnbCk_dgtDFFyl1rKWlHzScLhu7Gom56hPs0bwR-uJ#sthash.6CSIEr2J.l3fHyNgd.dpuf