Ֆինանսներ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հրավերով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության եկամուտների գործակալության պատվիրակությունը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, հյուրընկալելով Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչներին, կարևորել է երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

Պաոլո Վալերիո Բարբանտինին, անդրադառնալով հարկային մարմինների միջև հաստատված գործընկերային հարաբերություններին, ընդգծել է դրանց արդյունավետությունը՝ կարևորելով փորձի և լավագույն լուծումների փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու մարմինների միջև արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա տրանսֆերային ստուգումների և նախնական գնագոյացման պայմանավորվածության (Advanced Pricing Agreement) շրջանակից բացի, համագործակցությունը կներառի նաև հարկային վարչարարության ընթացքում մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունների զարգացումը։

Հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել  իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։