Ֆինանսներ

Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ

Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները: Նշվում է, որ ՌԴ-ն 2014 թվականից ի վեր լավագույն տասնյակում չի հայտնվել:
Ռուսաստանը զբաղեցրել է ութերորդ տեղը ապրանքների և ծառայությունների արտադրության ցուցանիշով, որոնց արժեքը կազմել է 2,3 տրիլիոն դոլար: 2014 թվականին ՌԴ-ն առաջին տասնյակում զբաղեցրել էր իններորդ հորիզոնականը՝ ՀՆԱ-ի 2,05 տրլն դոլար չափով։ 

2022 թվականին աշխարհի խոշորագույն տնտեսությունն է մնացել ԱՄՆ-ը՝ 25,46 տրիլիոն դոլար  ՀՆԱ-ով։  Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, որի ՀՆԱ-ն կազմել է 17,94 տրլն դոլար, իսկ երրորդ տեղում Ճապոնիան է՝ 4,17 տրլն ՀՆԱ- ով:

Խոշորագույն տնտեսությունների վեցյակում են Գերմանիան (4,07 տրիլիոն դոլար), Հնդկաստանը (3,4 տրիլիոն դոլար), Մեծ Բրիտանիան (3,07 տրիլիոն դոլար): Յոթերորդ տեղը զբաղեցրել Է Ֆրանսիան, որի ՀՆԱ-ն կազմել է 2,78 տրլն դոլար, իսկ իններորդը՝ Կանադան՝ 2,14 տրլն դոլարով: Տասնյակը եզրափակել է Իտալիան (2,01 տրլն դոլար), որը մեկ տարվա ընթացքում ութերորդից իջել է տասներորդ հորիզոնական։