ԱՄՆ ֆինանսական համակարգում բանկային ճգնաժամը ինտենսիվանում է: Սկզբում փլուզվեց «Silicon Valley Bank»-ը (SVB), այնուհետ «Signature Bank»-ը (SB) փակվեց հանգստյան օրերին, երկուշաբթի օրն էլ Սան Ֆրանցիսկոյում գտնվող «First Republic Bank»-ի բաժնետոմսերը կորցրին իրենց արժեքի կեսից ավելին՝ առաջացնելով մտավախություն, որ այն կարող է հաջորդը փլուզվել:
Ավելի քան 213 մլրդ դոլար ակտիվներով ԱՄՆ-ի 14-րդ խոշորագույն բանկի՝ «First Republic»-ի հետ կապված մտահոգությունն ուրբաթ օրվանից աճում է: Հանգստյան օրերին բազմաթիվ գրառումներ եղան սոցիալական ցանցերում, որոնք ցույց էին տալիս, որ մարդիկ հերթ են կանգնել բանկի հարավկալիֆորնիական մասնաճյուղերում։
«First Republic» բանկը հանգստյան օրերն անցկացրեց՝ փորձելով վստահեցնել հաճախորդներին, որ իրենց փողերը ապահով են՝ հրապարակելով հայտարարություն, որում ասվում է, որ ընկերությունը մեծացնում, դիվերսիֆիկացնում և ավելի է ամրապնդում բանկի առկա իրացվելիության պրոֆիլը:
Չնայած SVB-ի և SB-ի ձախողումներին և ավելի քան մեկ տասնյակ այլ բանկերի վերաբերյալ մտահոգություններին՝ փորձագետներն ասում են, որ իրենք դեռևս առողջ ապագա են կանխատեսում ԱՄՆ ֆինանսական համակարգի և բանկերի մեծ մասի համար: