Ֆինանսներ

ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը

Մարտի 10-ին տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec  համաժողովի շրջանակում ստորագրվել է Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև:  Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:  

«Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև քայլեր ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար: Եվ մենք պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ և մշակել աշխատանքային պլան՝  ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների  և գործիքակազմի ինտեգրումն ապահովելու համար, կապահովի  համապատասխան ռեսուրսներ՝ ինտեգրման ծառայությունների մատակարարման համար»,- նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հուշագրի ստորագրմանը հաջորդել է ճեպազրույց լրագրողների հետ։