Ֆինանսներ

Վարչապետը կարևորել է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող ծրագրերի արդյունավետ իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին:

Այս համատեքստում ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները:

Վարչապետը կարևորել է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող մյուս ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով նախագծերի ու բարեփոխումների որակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակ նախանշելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում։