Ֆինանսներ

Հնդկաստանում գործարկվել է աշխարհի առաջին ոսկի վաճառող բանկոմատը

Հնդկաստանի Թելանգան նահանգի մայրաքաղաք Հայդարաբադում հաճախորդներին սկսել է սպասարկել բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերից: Ինչպես գրում է The Economic Times-ը, սա ոչ միայն Հնդկաստանում, այլև աշխարհում առաջին նման մեքենան է, որն աշխատում է իրական ժամանակում։ 

Սարքն արտադրվել է հնդկական մասնավոր «Goldsikka Pvt Ltd» ընկերության կողմից, որը մշակել է ոսկի վաճառելու նորարարական տեխնոլոգիա։ Բանկոմատում պահվում են մինչև 5 կգ քաշով և 24 կարատանոց ոսկեդրամներ։ Այն թույլ է տալիս դրանք գնել ութ տարբերակով՝ 0,5 գրամից մինչև 100 գրամ: Բանկոմատի կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխությանը համապատասխան։