Ֆինանսներ

Խաչիկ գյուղում բնակիչների հետ քննարկել եմ գյուղում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական աշխատանքների հնարավորությունները. նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքկան իր էջում գրել է. «Երեկ մասնակցել եմ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և Էնթերփրայզ Արմենիայի կազմակերպած բիզնես ֆորումին, որտեղ ներկայացրել եմ Հայաստանի ներդրումային գրավչությունների մի փոքր մասը։

Այնուհետև, Հայ-Բրիտանական Բիզնես Պալատի հետ քննարկել ենք բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները և հնարավորությունները։ Մի քանի ընկերություն օգտվում են կառավարության տնտեսության արդիականացման ծրագրից սարքավորումների սուբսիդավորման և բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի սուբսիդավորման ծրագրերից։

Հետո, Մանթաշյանց բիզնես ակումբի մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել ենք իրենց բիզնեսի մոտ եղած խնդիրները։

Հետո, Ռինդ գյուղում Noah wines հայկական գինիների շվեյցարացի հիմնադիր Յակուբ Շուլերի և տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ քննարկել ենք իրենց բիզնեսի զարգացման պլանները։ Ընկերությունն արդեն մոտ 70 հեկտար գինեմետ խաղողի այգիներ ունի Ռինդ և Աղավնաձոր գյուղերում, և արդեն ձեռնամուխ են եղել գինեգործարանի կառուցմանը։ Օգտվում են կառավարության գյուղատնտնեսական և այլ օժանդակության ծրագրերից։

Այնուհետև, Խաչիկ գյուղում հանդիպել եմ գյուղի բնակիչների հետ, քննարկել գյուղում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական աշխատանքների հնարավորությունները։ Ներկայացրել եմ կառավարության սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության և տների վերանորոգման ծրագրերը»։