Ֆինանսներ

«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

Նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման՝ ավելի դանդաղ տեմպը:

Գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և դրանցով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները, եւ փաստում է տնտեսության զարգացման տեմպերի դրական դինամիկան, Կառավարության վարած սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշի վերահաստատման հիմքում 2022թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված բարձր տնտեսական աճն է՝ պայմանավորված մարդկանց և կապիտալի ներհոսքով, դրա արդյունքում ներքին պահանջարկի աճով, հարկային եկամուտների հավաքագրման բարձր տեմպով, նշված գործոնների, ինչպես նաեւ դրամի արժեւորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմամբ:

«Կայուն» հեռանկարը պայմանավորված է  առաջիկա տարում և միջնաժամկետում կայուն տնտեսական աճի պահպանման՝ գործակալության սպասումներով: Որպես հնարավոր ռիսկեր առանձնացված են Ռուսաստանի՝ որպես ՀՀ հիմնական առեւտրային գործընկերոջ եւ դրամական փոխանցումների հիմնական աղբյուրի, տնտեսական անկման հնարավոր հետեւանքները եւ Ադրբեջանի հետ ռազմական լարվածության պայմաններում առկա գործոնները: