Ֆինանսներ

Ասիական զարգացման բանկը կաջակցի Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին. Հանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման:

Նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ Հանրային կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից է, որի իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է Արդարադատության նախարարությունը:

Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ձևավորման ընթացքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարեսկզբին: Նախարարը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումները, ինչպես նաև խոսել է նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության և կառուցվելիք նոր քրեակատարողական հիմնարկի մասին:

Ասիական զարգացման բանկի գործընկերների այցի նպատակն է եղել ծանոթանալ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և թիրախավորել նոր ոլորտներ, որոնք կարող են նոր համագործակցության սկիզբ լինել Արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև: