Ֆինանսներ

Գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերությունը մտադրություն ունի աշխատանքներ ծավալել Հայաստանում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին հյուրընկալվել է գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ։ Վերջինս, ներկայացնելով Եվրոպայում հեռահաղորդակցական ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի գործունեությունը, այդ թվում՝ Ռուսաստանում, տեղեկացրել է, որ մտադրություն ունեն աշխատանքներ ծավալել նաև Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։

Հյուրերի խնդրանքով ՀԱԳՄ անդամ գործարարները ծանոթացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին և առանձնահատկություններին։ Միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի ներկայացմամբ՝ մեր երկրում հաստատված առաջատար ՏՏ ընկերությունները շարունակում են ընդլայնել իրենց գործունեությունը, ստեղծվում են նորերը, այդ թվում՝ մարզերում, ինչի լավագույն գրավականը, նախևառաջ, երկրում առկա մարդկային որակյալ ներուժն է։ Ձևավորված է համապատասխան ենթակառուցվածք, օրենսդրական հիմք, կրթական ու մասնագիտական վերապատրաստման արդյունավետ համակարգ։ 

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն, անդրադառնալով Միության գործունեությանը, պատրաստակամություն է հայտնել հայաստանյան շուկայում աշխատանքներ ծավալելու պարգայում աջակցել գերմանական ընկերությանը։