Ֆինանսներ

Տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը լավատեսություն է ներշնչում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։

Նիստի երկրորդ օրը քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։ Զեկույցներով է հանդես եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխնախարարն անդրադարձել է պարենային համակարգի կայուն զարգացման Կառավարության տեսլականին, որը միտված է բարձրարժեք արտադրանք ստեղծող գյուղատնտեսության զարգացմանը. ներկայացվել են ռազմավարական նպատակները, առաջնահերթությունները, մարտահրավերներն ու ընթացիկ ծրագրերը։ Նա նշել է, որ 2021թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 933 մլն ՀՀ դրամ, արձանագրվել է աճ։ Ընդգծվել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում տարեկան 2 տոկոսով սարքավորումների թարմացում է իրականացվում. այսօր ՀՀ-ում առկա է ավելի քան 26000 միավոր գյուղտեխնիկա, և նաև այս ծրագրի հաջող ընթացքով է պայմանավորված որոշ ուղղություններով արտադրողականության բարձրացումը, օրինակ՝ պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման գծով։ Նշվել է նաև ինտենսիվ այգիների հիմնման և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրերի արդյունավետությունը։

Քննարկում է ծավալվել Կառավարության գյուղատնտեսական բարեփոխումների և արտադրողականությունը խթանող գործիքակազմի շուրջ։ Արծարծվել են պարենամթերքի նկատմամբ կիրառվող հարկային դրույքաչափերին առնչվող հարցեր, ներկայացվել են դիտարկումներ ու առաջարկություններ։

Մեկ այլ հարցով ներկայացվել է հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման հայեցակարգը։ Նշվել է, որ այն միտված է հողերի կտրտվածության, ոռոգման ջրի և ֆինանսական ռեսուրսների ցածր հասանելիության, ենթակառուցվածքների թույլ զարգացվածության, սեփականության փոխանցման գործընթացի բարդության խնդիրների հաղթահարմանը։ Այդ նպատակով արդեն իսկ գործում են պետական աջակցության ծրագրեր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և այլն։ Նախատեսվում է նաև իրականացնել փորձնական ծրագիր 4 բնակավայրում՝ հողերի կոնսոլիդացիայի, առցանց հարթակի միջոցով իրավական փաստաթղթավորման գործընթացներին աջակցելու և այլ գործիքների կիրառմամբ։

Վարչապետը նկատել է, որ հողերի չօգտագործման առաջնահերթ պատճառը հողերի շուկայի բացակայությունն է, և հողային բարեփոխումը պետք է միտված լինի նախևառաջ դրա ձևավորմանը։ Ներկայացված հայեցակարգի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկվել են ոռոգման ենթակառուցվածքների զարգացման, գյուղտնտեսությունների արտադրողականության բարձրացման, հողերի օգտագործելիության մակարդակի ավելացման ուղղությամբ հնարավոր միջոցառումներն ու առկա խնդիրների լուծման տարբերակները։

Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստն ավարտվել է։ Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ, 

Մեծարգո պարոն նախագահ, 

Մենք պիտի ամփոփենք մեր աշխատանքները, և ես նախ ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար: Սա, ըստ էության, մեր Տնտեսական քաղաքականության խորհրդի նախնական նիստն է, որի արդյունքում պետք է կողմնորոշվեինք, առաջին հերթին, այս ձևաչափով մեր աշխատանքների հետագա ընթացքի մասով: Մենք այս կարգի քննարկումներ իրականում շատ հաճախ ենք ունենում, և ո՞րն է նոր բաղադրիչն այս ձևաչափի համար: Առաջինը՝ ֆորմալացումը և անվանման հաստատումը և երկրորդը՝ մեր հրավիրված փորձագետների մասնակցությունն այս աշխատանքին: Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել նրանց՝ ոչ միայն այս, այլև հետագայում աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար: 

Այսօր առավոտյան կարճ աշխատանքային քննարկում ունեցանք, և մեր հիմնական ցանկությունն է, որ լինի անկախ փորձագետների խումբ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ այլ կապով կապված չլինի Կառավարության կամ իշխանության հետ, և որը որպես անկախ և անաչառ մարմին կուղեկցի Կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը: Սա առաջինը: Եվ երկրորդը՝ ինչ-որ առումով կամուրջ դառնա Կառավարության բարեփոխումների օրակարգի և, եթե պատկերավոր ասենք, միջազգային փորձագիտական հանրության հետ, որովհետև որոշ սպեցիֆիկ թեմաների շուրջ մենք կարող ենք փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն ունենալ, և Տնտեսական քաղաքականության խորհրդի անդամները մեզ կօգնեն գտնել այն փորձագետներին, որոնք այդ ոլորտում կարող են լավագույն խորհրդատվությունն ապահովել Հայաստանի կառավարության համար:

Պայմանավորվել ենք, որ «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամը՝ պարոն Ջավադյանի գլխավորությամբ, կկազմակերպի, կազմակերպչական դերակատարում կվերցնի այս խորհրդի աշխատանքը և հաղորդակցությունն իրականացնելու համար, ինչը շատ կարևոր է: 

Այս քննարկումներից արդյոք ինքս ինձ համար որոշակի աշխատանքային եզրակացություն կոնկրետ արեցի՞, թե՞ չարեցի: Պիտի ասեմ՝ երբ մտածում էի, թե որն է կոնկրետ աշխատանքային եզրակացությունը մեր քննարկումներից, կրկին ուզում եմ վերադառնալ երեկ օրվա վերջում մեր ունեցած քննարկմանը, որը բացվեց առաջնահերթությունների հետ կապված, բայց մի փոքր կվերաձևակերպեմ: Քննարկումների արդյունքում եկա այսպիսի եզրակացության՝ մեր բոլոր ոլորտային ծրագրերն իրականում բազմաբովանդակ են, կազմված են բազմաթիվ տողերից: Շատ կարևոր է, որպեսզի մենք զուտ կառավարման առումով կարողանանք տեղորոշել այն տողերը, որոնք պետք է մեր ավելի մեծ ուշադրության արժանանան, որովհետև ունեն լոկոմոտիվի նշանակություն: Թե ի՞նչ պատկերավոր օրինակով կարող եմ դա ցույց տալ՝ մոտավորապես մտածեցի, որ եթե ձիերը, լծափայտը և կառքը, պատկերավոր ասած, տեղադրված են մեկ մեծ ծրագրի տարբեր տողերում, ինչ-որ շարժում կարող են, իհարկե, ապահովել, բայց ընթացք ապահովել չեն կարող: Դրա համար շատ կարևոր է, որ ձիերը, լծափայտը և կառքը ճիշտ դասավորությամբ դասավորված լինեն՝ ընթացքն ապահովելու համար: 

Մենք, օրինակ, շատ ծրագրեր ունենք, երբ ինչ-որ շարժում ապահովում ենք, բայց ընթացքը չենք ապահովում: Եվ չեմ ամաչի խոստովանել, որ այդպիսի ամենավառ օրինակը թվայնացման օրակարգն է Հայաստանի Հանրապետությունում, երբ մենք արձանագրեցինք, որ իրականում շատ մեծ ջանք է ներդրվում թվայնացման ոլորտում, վերջին 20 տարում հսկայական ռեսուրսներ են ծախսվել, և աշխատանք է կատարվել, բայց թվայնացման առումով ոչ մի բան տեղի չի ունեցել: Մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ այսքան ռեսուրս է ծախսվել, բայց թվայնացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, շատ նախնական իրավիճակում է: Պարզվեց՝ նույն խնդիրն է, որովհետև մենք ձիու, լծափայտի և կառքի հարցը չենք լուծել: Որոշեցինք հենց փորձագիտական օգնության դիմել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է շարժումն այդ ոլորտում վերափոխել ընթացքի: Եվ երբ փորձագետները եկան, մեզ կարողացան օգնել՝ հասկանալ, որ, այսպես ասած, գործընթացի առաջնորդող կետեր կամ շարժիչներ կան, և պետք է այդ շարժիչների վրա առավել մեծ ուշադրություն դարձնել, որը հետագա ընթացքն արդեն կապահովի։ Նույնիսկ շատ ավելի փոքր ջանքերով, ավելի քիչ ռեսուրս ծախսելով, ճիշտ կազմակերպման արդյունքում՝ մենք կարող ենք արագ ընթացք ապահովել:

Այս քննարկման արդյունքում ես, օրինակ, Կառավարության և պետական կառավարման մարմիններին հենց այս հանձնարարականը կտայի, որպեսզի մենք ևս մեկ անգամ դիտարկենք մեր ծրագրերը և տեսնենք, թե դրանց որ տողերը լրացուցիչ կանոնավորման անհրաժեշտություն ունեն, և որոնք մենք պետք է բարձրացնենք օրակարգի ավելի բարձր տողեր՝ նրանց շարժումն ապահովելու և դրա արդյունքում և՛ ոլորտային ծրագրերի, և՛ ընդհանուր կառավարման ծրագրի իրագործման ընթացքն ապահովելու համար:

Մեծարգո պարոն նախագահ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև առանձնահատուկ Ձեզ՝ Ձեր մասնակցության համար։ Մենք պայմանավորվեցինք, որ այդ տրամադրությամբ էլ կշարունակենք քննարկումները: 

Կրկին ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հրավիրված փորձագետներին՝ շատ կարևոր աշխատանքի համար: Ես համոզված եմ, այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք: Ընդ որում՝ ուզում եմ ասել, որ փորձագիտական այս խնդրի շուրջ էլ ենք նույն տրամաբանությամբ շատ երկար մտածել, բայց անընդհատ տեսել ենք, որ ինչ-որ բան չի ստացվում բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ երբեմն քաղաքականացվածությունից հնարավոր չի լինում դուրս գալ, որը, ի սկզբանե, շատ լուրջ պրոբլեմ է ստեղծում, և մենք հույս ունենք, որ ինչ-որ մոդել գտել ենք, որ մեր հարցերի պատասխանը տալիս է:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում, հաջորդ հանդիպման և ընդհանրապես աշխատանքի գրաֆիկի մասին կպայմանավորվենք աշխատանքային կարգով։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս»։