Ֆինանսներ

Կենսաթոշակային ֆոնդերի բացասական ցուցանիշներն անհանգստացնում են քաղաքացիներին

Քաղաքացիները պարզել են, որ կենսաթոշակային ֆոնդերի կիսամյակային արդյունքները բացասական ցուցանիշներով են։ 

Radar Armenia-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը խոսեց իր փորձի մասին։ Նա պատմեց, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում իր և պետության կողմից արված մուտքերն ամբողջովին «մինուս են գնացել», գումարած դրան՝ նվազել է նախորդ վճարումների մոտ 30%ը։ 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը մանրամասնեց՝ կատարվածից չպետք է անհանգստանալ, կարճաժամկետ կտրվածքով նման երևույթներ պատահում են։ Սրանով հանդերձ, 2014-ից սկսած՝ ֆոնդերի տարեկան միջին եկամտաբերությունը հասնում է 6,8-ից 7%-ի։

Ըստ Ասլանյանի՝ «Բոլոր ֆոնդերը արձանագրել են բացասական եկամտաբերություն առաջին 6 ամիսների ընթացքում, ինչը պայմանավորված էր թե՛ Հայաստանում, թե՛ գլոբալ մակարդակում գնաճի բարձր մակարդակով և տնտեսական աճի հեռանկարներով... Իսկ սա, իր հերթին, պայմանավորված էր մատակարարման շղթաների խաթարումներով, որին գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն է՛լ ավելի սրեց էս ամեն ինչը, արդյունքում ունեցանք այս պատկերը:

Աշխարհում արժեթղթերի շուկայում անկումները ևս ազդել են այս գործընթացի վրա, քանի որ այդ ուղղությամբ ևս կառավարիչները ներդրումներ են անում: Դրամի արժևորումը՝ դոլարի և եվրոյի նկատմամբ, իր հերթին է բացասական հետևանք թողել»։

Սամսոն Գրիգորյանը, սակայն, այս մտքի հետ համաձայն չէ։ Նա կարծում է, որ անհանգստության առիթ կա և պետությունն էլ իր հերթին պետք է անհանգստանա. «Գումարի կորստի հետ կապված միշտ է պետք անհանգստանալ, կարճաժամկետ կլիներ, եթե դա լիներ մեկ եռամսյակ և վերջ, բայց վերջին մեկ տարվա ընթացքում միտումը գնում է դրան, որ ավելի շատ կորուստ է լինում, քան՝ եկամուտ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին եկած եռամսյակի մեջ է եղել պլյուս, բայց ամբողջ տարին եղել է մինուս, և դա իսկապես անհանգստության առիթ է և պատկան մարմինները պարտավոր են անհանգստանալ և փորձել որոշակի պարզաբանումներ ստանալ ֆոնդերի կողմից»

Գրիգորյանը նաև հավելեց. «Հասկանում ենք՝ համաշխարհային շուկաների խնդիր կա, բորսաների խնդիր կա, ամբողջ աշխարհում անկում է գնում պանդեմիայից հետո, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմն է որոշակի ազդեցություն ունենում, իհարկե համաշխարհային բորսաները անկում են ապրում դա պարզ է։ Խնդիրն այն չէ, որ չպետք է այդպես լինի, խնդիրն այն է, որ պետք է լինի պետական լուրջ վերահսկողության տակ։ Դիցուք, այս իրավիճակը շարունակվի 5-10 տարի կամ ընդհանրապես շուկաները պայթեն, ի՞նչ է դուրս գալիս, մեր քաղաքացին պետք է մնա առանց կենսաթոշա՞կ, նման խնդիրներով պետությունը ավելի աչալուրջ պետք է զբաղվի»։

ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանն էլ նկատեց, որ ուսումնասիրված բոլոր երկրներում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը բացասական է և սա առաջին դեպքը չէ, պարզապես բացասական ցուցանիշներից հետո ֆոնդերը հետագայում ունեցել են ավելի բարձր եկամտաբերության աճ: