Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ հուլիսի 14-ին հրավիրված հանձնաժողովի արտահերթ նիստում: Ըստ նրա` թեև Ազգային ժողովը սահմանել է որոշակի թիրախներ, սակայն իրավիճակի բարելավում չի նկատվում:
Հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները» հարցը: Քննարկմանը ներկա են եղել գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև գործարար հանրույթի ներկայացուցիչներ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մանրամասն ներկայացրել է գնաճային իրավիճակը մեր երկրում: Ըստ նրա` Կենտրոնական դրամատունն իրականացրել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Համավարակով պայմանավորված` 2020թ. վերջից գները բարձրացել են: Երկրորդ գործոնը, որն ազդել է գների աճի վրա, ռուս-ուկրաինական հակամարտությունն է: ԿԲ նախագահի հավաստմամբ` համաշխարհային հացահատիկի շուրջ 30 տոկոսն արտադրում են Ռուսաստանը և Ուկրաինան: «Եթե դրսում ցորենի գինը թանկանում է, այն անմիջապես ազդում է մեր գների վրա»,- ասել է ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանը նշել է, որ գնաճը փոխել է նաև մարդկանց վարքագիծը. մարդիկ սկսել են ավելի շատ պարենային ապրանքներ գնել: Պահանջարկի բարձրացումը նույնպես նպաստել է գնաճին:
Կենտրոնական դրամատան ղեկավարի հավաստմամբ` ԿԲ-ն 2020թ. կանխատեսել է գնաճը, այդ պատճառով բարձրացել է տոկոսադրույքը, ինչը որոշ չափով մեղմել է գնաճի արագացումը: «2021թ. նոյեմբերին գնաճը 9.6 տոկոս էր, սակայն մեր իրականացրած քաղաքականության արդյունքում փակեցինք 7.7 տոկոսով»,- նշել է Մարտին Գալստյանը:
Վերոնշյալ երկրներից ներհոսքի հետևանքով արտարժույթը նվազել է, իսկ դրամը` արժևորվել:
ԿԲ նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ բարձրացել են վարձակալության, ինչպես նաև մի շարք ծառայությունների գները, որոնք երկար տարիներ անփոփոխ գներով էին ծառայություն մատուցում: Ըստ նրա` սպառողական զամբյուղի պարենային ապրանքների կեսից ավելիի գները բարձրացել են: Նա նշել է, որ այս հարցում ԿԲ-ն մեծ անելիք ունի և առաջին արված քայլն այն է, որ Կենտրոնական դրամատան խորհուրդն անփոփոխ է թողել տոկոսադրույքը:
Մարտին Գալստյանը փաստել է, որ ՀՀ կենտրոնական բանկը գնաճը բերելու է 4 տոկոսի մակարդակի:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը բոլորին` թե՛ օրենսդիր ու գործադիր մարմիններին, թե՛ գործարար հանրույթի և ԶԼՄ ներկայացուցիչներին, հորդորել է հետևել Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությանը և աջակցել կառույցին: Նա նաև նշել է, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ Կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 6 ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր են հավաքագրվել:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է պարենային շուկայի խնդիրներին: Ըստ նրա` շուկան է կարգավորում գները: «Տարածաշրջանային որոշ երկրներ, գնաճը կանխելու նպատակով, փորձել են միջամտել գնային քաղաքականությանը, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, սև շուկաների ստեղծմանը»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը: Նա նույնպես անընդունելի է համարել արհեստական գնային կարգավորումները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն առաջարկել է սուբսիդավորել արտահանող ընկերություններին, ինչի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, և հարցը նախ պետք է լուծվի գործադիր իշխանությունում, ապա ներկայացվի օրենսդիր մարմնին:
Բանախոսները պատասխանել են նաև ԱԺ պատգամավորների հարցերին: Գնաճի և պահանջարկ-առաջարկի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վերջին 16 տարվա ընթացքում ԿԲ-ն ամեն ինչ արել է, որ գնաճը մնա 4 տոկոսի սահմաններում, արտահանողների խնդիրների լուծման համար Կենտրոնական դրամատունը շուրջ 300 մլն դոլար է ձեռք բերել շուկայից:
Գևորգ Պապոյանի հարցն առնչվել է կարագի և բենզինի գների բարձրացմանը: ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ կարագի գինը վերադարձել է նախկին մակարդակին, իսկ դիզվառելիքի մանրածախ իրացման գինն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Նա կարևոր է համարել պետության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը, ինչի ուղղությամբ կատարվում են բոլոր անհրաժեշտ քայլերը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շեշտադրել է Կառավարության կողմից կապիտալ ծախսերի լիովին կատարման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը եզրափակիչ ելույթում ՀՀ ԿԲ նախագահին հորդորել է Կենտրոնական դրամատան գործիքակազմի շրջանակում գնաճը բերել միջնաժամկետ հատվածի թիրախին, և զսպել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են:
«Պետք է հնարավոր լավագույնն անել տնտեսության համար»,- ասել է Գևորգ Պապոյանը: