Վերջին շրջանում հայկական դրամի արժևորումը լրջագույն խնդիրներ է առաջացնում արտասահմանի հետ աշխատող բիզնեսների համար։ Մոտեցումը միանշանակ լինել չի կարող՝ այս աննախադեպ արժևորումը ներքին շուկայում ստեղծում է անհամեմատ դրական միջավայր, իսկ, ահա, այլ տարադրամով աշխատող ընկերությունների համար՝ բերում եկամտի մեծ կորստի։
Տուժող ոլորտներից են հատկապես արտահանումը և զբոսաշրջությունը։ Այս թեմայի շրջանակներում Radar Armenia-ն զրուցել է զբոսաշրջությամբ և միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Spinnaker Group»-ի հիմնադիր Նորայր Գևորգյանի հետ։
«Դրամի արժևորումը շատ կտրուկ էր։ Ովքեր արտասահմանի հետ և հիմնականում դոլարով են աշխատում, չնախատեսված ռիսկ էր, որը հնարավոր չէր կանխատեսել։ Մենք նույնպես բախվեցինք այդ խնդրին, որովհետև ունենք մեծ քանակության դոլարային մուտքեր, և արդեն իսկ մատնանշվում է եկամտի 20%-ի կորուստ»,- ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ասում է մեր զրուցակիցը և բացատրում. եթե նախկինում 2000 դոլար արժողությամբ տուր- փաթեթը Հայաստանում հաշվվում էր 1 դոլարի դիմաց 480 դրամով, այսօր այն բազմապատկվում է ընդամենը 400-ով, ինչը ենթադրում է, որ ընկերությունը ստիպված է գին բարձրացնել։
«Եթե դոլարն արժեզրկվում է, բնականաբար, մենք ստիպված ենք գնի բարձրացում անել և, հետևաբար, դառնալ ոչ մրցունակ։ Լրջագույն խնդիր է դառնում, ինչի պատճառով չենք կարողանում մրցակիցների հետ, այսպես ասած, կռիվ տալ»,- նկատում է Գևորգյանը։
Գործարարի կարծիքով՝ բոլոր այն ոլորտներին, որոնք աշխատում են դրսի շուկայի հետ, պետք է աջակցել, ինչպես դա եղավ կորոնավիրուսի շրջանում. «Օգնություն պետք է տրվի, բայց՝ ոչ թե վարկի տեսքով, այլ՝ անհատույց. վարկի դեպքում, այսպես, թե այնպես, ստացվում է՝ ընկերությունը պետք է մարի այդ գումարը, ինչը կարող ենք անել այն ժամանակ, եթե ունենք եկամուտ, իսկ դա հիմա կորսված է»։
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք որևէ հարկային արտոնություն չի կարող համարվել ոլորտին աջակցություն, և հնարավոր չէ՞ այդ մեխանիզմով պետությունը միջամտի և տեսանելի աջակցություն տրամադրի կորուստներ կրողներ ոլորտներին, գործարարը նկատեց՝ եթե չկա եկամուտ, ի՞նչ հարկային առավելության մասին է խոսքը. «Զրոյի վրա 0 հարկ է ստացվելու»։
Spinnaker Group-ն աշխատում է 3 տարբեր ուղղությամբ, որից 2-ը դոլարային ճգնաժամի պատճառով խնդրի առջև են կանգնած։ Թվային պատկերով՝ եկամուտի շուրջ 20% կորուստ են ունենում արտահանման և զբոսաշրջային ոլորտներում։
Նորայր Գևորգյանն իր հիմնադրած ընկերության քվոտայով այժմ «Մանթաշյանց» գործարարների միության անդամ է, որը մի խումբ գործարարների անունից հայտարարություն էր տարածել՝ կապված այս խնդիրների հետ, և իրավասու մարմիններից շուտափույթ լուծումներ պահանջել։ Մենք Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տարածված հաղորդագրությունն ունեցավ ազդեցություն, և խնդրի վրա պետական մակարդակով ուշադրություն դարձվե՞ց. «Կարծում եմ՝ դեռ շարունակվելու են հանդիպումները։ ԿԲ-ի հետ հանդիպումը ավարտվեց «ոչ ոքի», բայց՝ իրենց հաղթանակով, քանի որ նրանք մեզ չեն կարող աջակցել, և գնդակը տեղափոխվում է կառավարության՝ Էկոնոմիկայի, ֆինանսների և այն նախարարությունների դաշտ, որոնք կարող են ոլորտային աջակցություն ցուցաբերել տնտեսվարողներին»։
Գործարարը հայտնեց, որ նախատեսվում է քննարկում էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հետ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչպիսի բալանսավորված աջակցություն է պետք մշակել. «Լավ կլիներ՝ տուժած ոլորտների ընկերություններին մեկ տարի հարկերից ազատեին (2021 կամ 2022 թվերի հաշվարկով), որովհետև Covid19-ից հետո՝ դեռ ամբողջությամբ չվերականգնված, նորից բախվում են լրջագույն խնդրի»։
Գևորգյանի խոսքով՝ Լարսն, ավանդաբար, արտահանողների համար դարձյալ մնում է խնդրահարույց, ու այդտեղ ևս առաջընթաց ակնկալել հնարավոր չէ։ Մեր զրուցակիցը մեծ հույսեր չունի՝ խնդրի հրատապ լուծման հետ կապված, և այն համարում է բարդ գործընթաց. «Լարսում առանձնապես ոչ մի փոփոխություն չկա։ Միակն այն է, որ պայմանավորվել են, այսպես ասած, թողունակությունն ավելացնել, ինչը մեկ օրվա հարց չէ։ Դա բավականին բարդ պրոցես է, ինչն ամենօրյա աշխատանքով պետք է լուծում ստանա։ Եկող տարի կունենանք վերանորոգված անցակետ, բայց հարցը վերջնական չի կարող լուծվել, որովհետև այն թողունակությունը, որը կարող է Լարսը տալ, և մեքենաների այն քանակը, որ կարող է անցնել, ֆիզիկապես անհամատեղելի են»,- ասաց Նորայր Գևորգյանը։
Radar Armenia-ն հաջորդիվ կներկայացնի այլ ընկերությունների ունեցած խնդիրների մասին։