Ֆինանսներ

ԵՄ-ն SWIFT-ից անջատել է ռուսական երեք բանկ

Այսօրվանից Եվրամիությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում, անջատում է ռուսական խոշորագույն «Սբերբանկը», ինչպես նաև՝ «Ռոսսելխոզբանկը» և Մոսկվայի վարկային բանկը SWIFT միջբանկային գլոբալ համակարգից։

Պատժամիջոցները համաձայնեցվել են մայիսի վերջին՝ եվրոպացի առաջնորդների երկարատև և ինտենսիվ խորհրդակցություններից հետո։ Մի քանի օր անց սահմանափակումների մեծ մասն ուժի մեջ մտավ։

Բանկերի ներկայացուցիչները, ինչպես նախկինում, պնդում են, որ SWIFT-ից անջատումը մեծապես չի ազդի իրենց աշխատանքի վրա։

Sberbank-ը, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտնել է, որ իրենք աշխատում են սովորական ռեժիմով, իսկ SWIFT-ից անջատվելը չի ​​փոխում իրավիճակը՝ միջազգային կարգավորումների հետ կապված։

Մոսկվայի վարկային բանկում նշել են, որ Ռուսաստանի ներսում գործարքները կշարունակվեն սովորական ռեժիմով, սակայն արտասահմանում վճարումների դեպքում դրանց կատարման ժամկետները կարող են աճել։

«Ռոսսելխոզբանկը» նաև ընդգծել է, որ Ռուսաստանի բանկային համակարգում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ՝ անխափան ինքնավար գործունեություն ապահովելու համար։