Նախորդ մեկուկես-երկու ամսում հայկական դրամի, ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժևորումը կայուն տեպով շարունակվում է:
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն ամերիկյան մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 443.26 դրամ։ Սա վերջին 8 տարիների համար ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին անգամ փոխարժեքի նման ցածր մակարդակ եղել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ամերիկյան մեկ դոլարն այդ ժամանակ վաճառվել է 442.48 դրամ։
Համաձայն Կենտրոնական բանկի՝ այսօր մեկ եվրոյի միջին փոխարժեքը կազմել է 473.98 ՀՀ դրամ, իսկ ռուսական մեկ ռուբլու միջին փոխարժեքն, ըստ կենտրոնական բանկի, 7.19 դրամ է։
Հունիսի 2-ի ժամը 22։00-ի դրությամբ տարադրամի փոխարժեքները Երևանի փոխանակման կետերում հետևյալն են՝
Առք Վաճառք
USD 440 - 448
EUR 470 - 478
RUB 6,50 - 6,70
Ներկայացված են լավագույն փոխարժեքները։
Հատկանշական է, որ դրամի կտրուկ արժևորումը տնտեսության վրա ունի դրական և բացասական կողմեր: Դրամի կտրուկ արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանող տնտեսավարող սուբյեկտների վրա: Հարկ է նշել, որ դրամի կտրուկ արժևորումից տուժում են ոչ միայն արտահանողները, այլև արտերկրից դրամական փոխանցումներ ստացող մեր հայրենակիցները: Սակայն պարենային ապրանքների, լոգիստիկ ծառայությունների գլոբալ թանկացման ֆոնին դրամի արժևորումը եզակի դրական խթան է հանդիսանում ներմուծվող ապրանքների և ծառայությունների գների հարաբերական կայունության ապահովման համար: