Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է 2022 և 2023 թվականների համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները՝ նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Չինաստանում կարանտինային սահմանափակումները սրում են մատակարարման շղթաներում առկա խնդիրները և բարձրացնում գնաճը:
G-20 երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումն ընթացիկ տարում վատթարացել է մինչև 3,1%՝ մարտին սպասվող 3,6%-ից, իսկ հաջորդ տարվա 3%-ից մինչև 2,9%: 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 7%-ով, իսկ 2023 թվականին՝ 3%-ով: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները, մարտի համեմատ, չեն փոխվել։ «Այս պահին մենք G-20-ի երկրներից ոչ մեկի համար, բացառությամբ՝ Ռուսաստանի, անկում չենք կանխատեսում 2022 և 2023 թվականների համար։ Այնուամենայնիվ, շատ ռիսկային գործոններ կան, որոնք կարող են թուլացնել համաշխարհային աճը, ներառյալ՝ մատակարարման շղթայի երկարատև խնդիրները և Չինաստանում տնտեսական ակտիվության սպասվածից ավելի մեծ դանդաղումը»,- ասել է Moody’s-ի ավագ փոխնախագահ Մադհավի Բոքիլը: «Ագրեսիվ դրամավարկային խստացումը, երկարաժամկետ գնաճային սպասումի մտավախությունների ֆոնին, կարող է լինել նաև ռեցեսիայի կատալիզատոր»,- հավելել է Բոքիլը: Զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2022 թվականին 3,2%-ից իջեցվել է մինչև 2,6%, զարգացող շուկաների համար՝ 4,2%-ից մինչև 3,8%։ Moody’s-ը նվազեցրել է ընթացիկ տարվա Չինաստանի տնտեսության աճի իր կանխատեսումը՝ 5,2%-ից մինչև 4,5%, իսկ 2023-ի կանխատեսումը 5,1%-ից բարելավել է մինչև 5,3%: ԱՄՆ-ում 2022 թվականին ակնկալվում է 2,8% տնտեսական աճ, իսկ 2023 թվականին՝ 2,3% (նախկինում՝ 3,7% և 2,5%), եվրոգոտում՝ 2,5% և 2,3% (նախկինում 2,8% և 2,2%), Ճապոնիայում՝ 2,4% և 1,2% (նախկինում՝ 2,9% և 1,4%), Մեծ Բրիտանիայում՝ 2,8% և 1% (նախկինում՝ 2,8% և 1,4%)։ Moody’s-ը նաև իջեցրել է ընթացիկ տարվա Հնդկաստանի տնտեսության վերականգնման կանխատեսումը՝ 9,1%-ից մինչև 8,8%: