Ֆինանսներ

ՀՀ-ում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով, այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը. ԱՆԻՖ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրել է կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը։ Այն ամփոփում է ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։ Ստորև ներկայացված են առանցքային մի քանի տվյալներ.

Ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն ԱՄՆ դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից: 

Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից  6 ընկերությունում իրականացվել է ընդհանուր առմամբ մոտ10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը: