Ֆինանսներ

Ռուբլին վերջին տարիներին 1-ին անգամ գրանցել է ռեկորդային արժևորում

Ռուսական ռուբլին վերջին օրերին սկսել է արժևորվել։ Ըստ Rate.am-ի, 2020թ. տարեկան միջին տվյալներով ռուբլին արժեցել է 6.64 դրամ, իսկ 2021թ. տարեկան տվյալներով հասել է 6.84 դրամի։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ-ի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Սակայն հիմա այն կրկին սկսել է բարձրանալ. ըստ Կենտրոնական բանկի՝ միջինացված տվյալներով այս տարվա ընթացքում ռուբլու փոխարժեքը 6.09 դրամ էր, միայն այսօր՝ 6.99 դրամ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Մերի Հովսեփյանը հիշեց, որ ռուբլու կտրուկ տատանումներ տեղի էին ունեցել 2014-2015թթ. նավթի գների կտրուկ փոփոխությունների և ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առաջին փաթեթի ներդրմամբ։ «Դրանից հետո ռուբլին կտրուկ արժեզրկվեց ու, հետագայում, աստիճանաբար Ռուսաստանի տնտեսությունը որոշակի դիմադրողականության բուֆերներ ձևավորեց, որի արդյունքում ռուբլու փոխարժեքն աստիճանաբար կայունացավ, սակայն նախկին մակարդակին, որքան մինչ 2014թ. էր, այդպես էլ չհասավ։ Վերջին տարիներին՝ պայմանավորված ճգնաժամային իրավիճակով ու մի շարք այլ հանգամաքներով, դրանք, բնականաբար, պարբերաբար տատանվել են»։ 

Անդրադառնալով Ռուսաստանին ուղղված վերջին պատժամիջոցներին՝ տնտեսագետն ասաց. «Արդեն ռուսական պատժամիջոցների փաթեթը, որը երբևէ կիրառված ամենածանր փաթեթն էր թե՛ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ, թե՛, առհասարակ, երբևէ կիրառված պատժամիջոցների տեսանկյունից, միանգամից կտրուկ արժեզրկեց ռուսական ռուբլին։ Հիմա արժևորումն էլ մենք նկատում ենք, որ ռուսական տնտեսությունը որոշակի առումով ադապտացվում է ստեղծված իրավիճակին և փորձում հնարավորինս մեղմել, զսպել տնտեսական կորուստներն ու ռիսկերը»։  

Ոսկեհատ Պողոսյան